
Եգիպտական փարավոն Թութանհամոնի մումիան զմռսման անհաջող փորձից հետո այրվել էր: Այդպես են կարծում այն գիտնականները, ովքեր վիրտուալ կերպով դիահերձել են փարավոնին:
Մահից հետո՝ մ.թ.ա. 1323թ.-ին, Թութանհամոնին անմիջապես զմռսեցին և թաղեցին: Ինչպես կարծում են գիտնականները, հրդեհի պատճառ էր դարձել այն յուղը, որն օգտագործվել էր զմռսման համար:
Փարավոնի դամբարանը հայտնաբերվել էր 1922թ.-ին` Հովարդ Քարթերի և դուքս Կարնարվոնի կողմից: Այն մանրակրկիտ ուսումնասիրության էր ենթարկվել և գիտնականները հաստատել էին, որ դամբարանում փակվելուց հետո մարմինն այրվել էր:
Թութանհամոնը միշտ հետաքրքրել է հասարակությանը: Նա փարավոն է դարձել մ.թ.ա. 1333թ.-ին` 10 տարեկանում, և կառավարել է մինչև իր մահը` 9 տարի: Նա Հին Եգիպտոսի ամենահզոր արքայական տոհմի վերջին ներկայացուցիչն էր:
Գրեթե անթերի պահպանված նրա դամբարանը, ոսկե դագաղն և դիմակը համաշխահային սենսացիա դարձան, և մեծ հետաքրքրություն առաջացրեց Հին Եգիպտոսի պատմության հանդեպ: Նրա դամբարանում հայտնաբերվել էին անհավանական գանձեր, 11 կգ քաշով ոսկուց հետմահու դիմակը, որը զարդարված էր բազմաթիվ թանկարժեք քարերով:
Եգիպտագետ բժիշկ Քրիս Նաունթոնը, հետազոտելով օրիգինալ գրառումները, ինչպես նաև ռենտգենի և համակարգչային տեխնոլոգիաների միջոցով անցկացնելով վիրտուալ դիահերաձում, եկավ այն եզրահանգմանը, որ Թութանհամոնը մահացել է ճակատամարտի ժամանակ տեղի ունեցած պատահարի պատճառով: Փարավոնի վնասվածքները վկայում են այն մասին, որ նա բախվել ծանր կառքի, երբ նստած է եղել ծնկների վրա: Արդյունքում, փարավոնի ձախ մասը սեղմված էր մնացել: Հենց այդ պատճառով ողերն ու կոնքային ոսկորները կոտրված էին, իսկ գիտնականները չէին հայտնաբերել նրա սիրտը:
Գիտնականը նշում է այն փաստը, որ չնայած այն հանգամանքին, որ մումիային այդքան մեծ ուշադրություն են դարձրել, ոչ ոք առանձնապես չի հետաքրքրվել նրա տարօրինակ վիճակով:
«Վերջերս հայտնաբերված բոլոր փաստերն ուղղակի ապշեցնում են: Ես կարծում են, որ մեր հետազոտությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբ գործ ունես հին նյութերի հետ, միշտ կարելի է հայտնաբերել նոր գաղտնիքներ: Մեր հայտնագործությունը մեծ քայլ էր հասկանալու համար, թե ինչ էր կատարվել Թութանհամոնի կյանքի վերջում»,- հայտարարել է գիտնականը: