Նախ ասեմ, որ ինձ դուր է գալիս Վաչագան Սարգսեանի մօտեցումը:

Ցանկացած գիտական կամ երևութային տերմին օդից չի ծնւում: Դրա համար օգտագործւում են այլ լեզուներում եղած բառերը: Նոյն մաթեամաթիկական կամ, ասենք՝ բժշկական, տերմիններ ունեն յստակ իրանց իմաստները «օրինակելի» լեզուից:

Մի ժամանակ այդ լեզուները հունարէնն ու լատիներէնն էին: Կարող է և սխալւեմ, բայց դրա պատճառն այն է, որ «հին» տերմինները ծնուել են «Վերածննդեան» դարաշրջանում, երբ հունա-լատինական ազդեցութիւնը՝ աւելի ճիշտ հելլենիստիկ ազդեցութիւնը մեծ էր:

«Ժամանակակից» տերմինաբանութիւնը այսօր հիմնւում է կոնկրետ ստեղծողի լեզւի համակարգից և ունի շատ պարզ ու յստակ արմատ: Այդ տեսանկիւնից շատ հեշտ է գտնել հայերէնի թարգմանութիւնը, որով, իսկապէս, շատ հեշտ ու պարզ է դառնում «տերմինի» իմաստը:

Բա՜յց... այստեղ մի փոքր բայց էլ կայ: Որոշ տերմիններ այս կամ այնպէս են ստեղծւում՝ շուկայավարութեան հոգեբանական տեսութիւնից ելնելով: Դրանք կարող են ոչ թէ այս կամ այն արմատի վրա հենուեն, այլ հնչողութեան: Օրինակ՝ encyclopedia -wikipedia, wikipedia -wikileaks, gadget -winget:

Կան նաև տերմիններ, որոնք ըստ բնոյթի նոյն բանն են, բայց զանազան բառեր են օգտագործում զուտ նոյն շուկայավարութեան հոգեբանական ընկալման պատճառով՝ directory -folder:

Ինչևիցէ, սա իսկապէս այնպիսի հարց է, որ մասնագէտները իրենց հոմանիշ բառերը կը գտնեն: Դրա վառ օրինակը @ - «собачка»-ն է, որն իրականում մաթեմաթիկական նշան է, անգլերէն «at» նախդիրն է (հայերէն երևի «-ում» վերջածանցը): Օրինակ, երբ ասում են «շնիկ», ես զարմանում եմ, բայց ո՞ւր է շունը... աւելի շուտ փղի է նման՝ գլուխը աջ կողմ, կնճիթը վե՜ր բարձելով և այլն: Ի դէպ, ինտերնետում... համացանցում կարող էք գտնել այդ նշանի տարբեր նմանակումներ՝ կապիկ, խխունջ և այլն...

Էսպիսի բաներ

Յ.Գ. Մի անգամ մի գիտաժողովի էի մասնակցում, որը նուիրուած էր Գլոբալիզցիային: Ժողովի նախագահողն ու մի քանի հոգի վէճի բռնուեցին, թէ ինչպէ՞ս թարգմանել Globalisation բառը: Կէս ժամից աւել քննարկում էին տարբերակները և չէին համաձայնւում:

Խնդիրը նրանումն էր, որ... հենց այդ գիտաժողովի նպատակն էր հասկանալ, թէ ի՞նչ է Գլոբալիզացիան կամ Գլոբալացումը: Ի՞նչ երևոյթ է սա:

Ուստի կէս ժամ ձանրոյթից յետոյ ես առաջարկեցի անցնել ժողովի բուն թեմային, իսկ թարգմանութեան հարցը լուծել, երբ բոլորս հասկանանք՝ Ի՞ՆՉ Է ԳԼՈԲԱԼԱՑՈՒՄԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել