Մոտ մեկ տարի առաջ Արևիկի նախաձեռնությամբ ու գործուն մասնակցությամբ բուռն քննարկում ծավալվեց Շտեմարանների շուրջ և հավաքվեցին դրանց մեջ տեղ գտած բազմաթիվ վրիպումներ, ինչպես նաև անստույգ կամ դպրոցական ծրագրի համար ավելորդ լեզվական ձևեր: Ահա այդ հղումը: Կարելի է շարունակել ստեղծված ավանդույթը այնտեղ և/կամ այստեղ:

Հիմա ուզում եմ անդրադառնալ կենդանախմբերի անվանումների ցուցակին, որ «Հիշե՛ք» հրահանգի ներքո ներկայացված է Ավագ դպրոցի 10-րդ դասարանի «Հայոց լեզու» դասագրքում (հեղինակներ՝ Լ. Եզեկյան, Ա. Սարգսյան, Ռ. Սաքապետոյան. 2009 թ., էջ 64): Էջի լուսանկարը տես այսօրվա նախորդ քննարկման մեջ (դրա ու լրացուցիչ տեղեկությունների համար շնորհակալություն Նաիրա Բալայանին և Հասմիկ Վարոսյանին): Սրանցից մի քանիսի ներկայությունը դպրոցական ծրագրում խիստ զարմանալի է: Դրանք արդեն մատնանշվել են վերոհիշյալ քննարկման մեջ, հատկապես` Արևիկի կողմից: Ես պարզապես ի մի կբերեմ դրանք ու ավելի մանրամասն կներկայացնեմ:

ԽՈՐԴԵՐԱՄ ‘կռունկների խումբ’. ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել այսպիսի բառ, ոչ Հայկազյանում ու Առձեռն-ում, ոչ Արմատականում, ոչ էլ Մալխասյանցում, Աղայանում, ԺՀԼԲԲ-ում կամ այլուր: ԱՐԵՎԱԿ-ի արևելահայերենի կորպուսում դրա ոչ մի վկայություն չկարողացա գտնել: Որտեղի՞ց է պեղված այս բառը: ԽՈՐԴ ‘կռունկ’ գրաբարյան բառն ինքն էլ վաղուց հնացած բառ է. ոչ մի բարբառում անգամ չի պահպանվել: Էլ ուր մնաց այս առեղծվածային ԽՈՐԴԵՐԱՄ-ը: Եթե նույնիսկ ինչ-որ աղբյուրում մի նորագյուտ` մինչ այժմ անհայտ վկայություն գտնված լինի, միևնույն է, ոչ մի կերպ հասկանալի չի, թե ինչ է անում այսպիսի բառը դպրոցական դասագրքի մեջ: 

ՃԱՀՈՒԿ ‘աղվեսների խումբ’. սա միայն երկու գրաբարյան երկում է գործածվել. մեկում` ‘բանակատեղի’ անստույգ իմաստով, մյուսում մի քանի անգամ ‘կենդանիների խումբ’ իմաստով. մի անգամ` ոչխարների առնչությամբ, մյուս անգամ` Քրիստոսի հոտի, մի անգամ էլ` աղվեսների: Ու սա հերիք է՞, որ դասագրքում ամրագրեն այս մեռած բառը, էն էլ` ‘աղվեսների խումբ’ իմաստով: Ասեմ նաև, որ արդի բառարաններում` Աղայանում ու ԺՀԼԲԲ-ում, այս բառն առհասարակ տեղ չի գտել, իսկ Մալխասյանցն ունի այն` ‘կենդանիների խումբ’ ընդհանուր իմաստով: 

ԱՍՊԱԿԱՆԻ ‘որսաշների խումբ’. այս բառն էլ է գրաբարում երկու անգամ վկայված. մեկում (Փիլոն) հստակ ‘որսորդ (ձիով ու որսաշներով)’ է նշանակում, ոչ թե ‘որսաշների խումբ’, իսկ մյուսում (Գիրք պիտոյից)` պարզ չէ: Ու էլի` էս բառը չկա արդի բառարաններում` Աղայան ու ԺՀԼԲԲ: Ի՞նչ գործ ունի այս բառը դպրոցական դասագրքում, էն էլ անստույգ իմաստի ամրագրմամբ: 

ՆՔՈՂՆԱԿ ‘սողունների խումբ’. այսպիսի բառ չենք գտնում ոչ մի տեղ: Արմատականում կա ՆՔՈՂԱԿ (առանց -ն-ի), որ միայն մեկ գրաբարյան վկայություն ունի ու անստույգ բառ է, հավանաբար նշանակում է ‘լճակ, ծովակ’ (ըստ ԱԲ-ի այլընտրանքային տարբերակի` ‘ձկներ’): Այս ցավալի դեպքի մասին շատ է խոսվել:

ԲՈԼՈՒԿ ‘խոզերի խումբ’. սա բարբառային բառ է. ունի մի քանի իմաստ. 1) ‘ոհմակ’ (Արարատյան, Կարին, Մուշ, Գանձակ և այլն). 2) միայն Լոռվա խոսվածքում ու Ջավախքում` լայն ընդգրկմամբ` ‘հոտ` խոզերի, ձիերի և այլն’. 3) փոխաբերաբար, ‘մարդկանց խումբ’` հաճախ նեգատիվ նրբերանգով (տես ՀայԼեզԲրբԲառ Ա, 2001, 206b և այլ բառարաններ): 
Հետաքրքիր է, որ ԱՐԵՎԱԿ-ի կորպուսի գրական վկայություններում ԲՈԼՈՒԿ-ը գործնականում հավասարաչափ է ներկայացված երկու իմաստներով ` ‘գայլի ոհմակ’ և ‘խոզի խումբ’: Սակայն սրա պատճառն այն է, որ բառը գործածած հեղինակները սերում են Լոռվա (Թումանյան, Վախթանգ Անանյան, Հրանտ Մաթևոսյան) և Ջավախքի (Մկրտիչ Սարգսյան) տարածքներից, որտեղ բառը երկու իմաստով էլ ներկա է: Մինչդեռ բարբառային բառարանում տեսանք, որ ‘ոհմակ’ իմաստն ավելի մեծ տարածում ունի: Ուստի բոլուկ-ը կոնկրետ ‘խոզի խումբ’ իմաստով ներկայացնելն այնքան էլ հասկանալի չէ. այն էլ` առանց մատնանշելու բարբառային լինելը: Սակայն, իհարկե, նախորդ օրինակների համեմատությամբ սա շատ թեթև դեպք է: 

Նախորդ քննարկման մեջ էլ քննարկեցինք փղերի խմբի համար ներկայացվող ՓՂԵՐԱՄ և ՋՈԿ բառերի համար: Դրանցից առաջինը կա արդի բառարաններում, բայց աղբյուրն ինձ հայտնի չէ. ոչ գրաբարում եմ գտնում, ոչ էլ բարբառներում: Արհեստական, սարքովի բան է երևում: Իսկ ՋՈԿ բառը նշանակում է ‘խումբ’ և գրաբարում գործածված է մարդկանց ու կենդանիների առնչությամբ` ձիերի, ջորիների, գոմեշների, ձկների և այլն: Փղերի առնչությամբ չեմ հանդիպում: Նույնիսկ եթե մի փախած վկայություն գտնենք փղերի ջոկի, դա չի նշանակի, թե ջոկ բառն ունի ‘փղերի խումբ’ իմաստը: Ոչ էլ որևէ այլ հատուկ կենդանու: Օրինակ` ջոկք ձիոց, ջոկք գոմշաց, ջոկ ձկանց ևն: Ուրեմն` պարզապես ‘խումբ’ է նշանակում:

Ինչպես տեսանք, այս բառերը (բոլուկ-ը չհաշված) նույնիսկ գրաբարում են անկենդան ու հազվագյուտ: Ավելին, մի քանիսը նույնիսկ չունեն էլ այս դասագրքում տրված նշանակությունը կամ էլ խիստ անստույգ են, իսկ խորդերամ-ի ու նքողնակ-ի գոյությունն անգամ խիստ կասկածելի է: Ուստի այս բոլոր բառերի տեղը միայն մասնագիտական բառարաններն ու բառաքննական ուսումնասիրություններն են, բայց ոչ երբեք` դպրոցական դասագրքերը: Հորդորում ենք դպրոցականի ուղեղը չլցնել այսպիսի ուրվական կամ նույնիսկ գրաբարում կիսամեռ բառերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել