Երիտասարդությունը, համարվելով հասարակությունն առաջ տանող և զարգացնող կարևորագույն ուժերից մեկը, իր խնդիրներով պետք է միշտ ուշադրության և վերահսկողության տակ լինի: Խնդիրները շատ են, դրա համար առանձնացնեմ ինձ, և ոչ միայն, հուզող կարևորագույն հարցերից մեկը՝ երիտասարդների մոտ զբաղվածության պակասն ու դրանից բխող հետևանքները: Սրան կան շատ պատճառներ, սկսած գիտելիքի պակասից մինչև գործատուի կողմից պահանջների սանդղակի բարձր մակարդակը: Եվ շատ նորավարտ ուսանողներ՝ չկարողանալով հաղթահարել, հուսալքվում են և ճանապարհի կեսից ետ կանգնելով՝ փնտրում են այլընտրանքային տարբերակներ: Եվ շատ կազմակերպություններ, օգտվելով այդ վիճակից, սկսում են իրենց կողմը գրավել երիտասարդությանը: Այդպիսի կազմակերպությունները բազմապիսի են՝ սկսած աղանդավորական սին գաղափարախոսություններ պարունակողներից մինչև ցանցային մարքեթինգով զբաղվողները, որոնք իրենց թվացյալ գրավիչ առաջարկներով հանդես գալով՝ գցում են նրանց ծուղակը: Հետևաբար կարծում եմ, որ պետք է ստեղծվեն այնպիսի կառույցներ, որոնք տեղեկատվություն կտրամադրեն թվարկածս գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների, դրանց կործանարար ազդեցությունների մասին: Եվ ի վերջո փորձենք բացատրել, հասկացնել, փաստերով ապացուցել ամեն մեկս մեր կողքինին, շրջապատին, դրանով նաև ողջ երիտասարդությանը, որ անվճար պանիր լինում է միայն թակարդում, և այս կյանքում ինչ-որ բանի հասնելու համար պետք է ոչնչի առաջ կանգ չառնել, կատարելագործվել ու փորձել դառնալ լավագույններից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել