Մարգվելաշվիլիի հաղթանակն արդյունք էր ոչ թե իր, այլ Իվանիշվիլիի խարիզմայի. քաղաքագետ


14:10 , 30 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո քրեական լուրջ գործեր կհարուցվեն, քանի որ վրացի ժողովուրդը նախկին իշխանություններին պատժված տեսնելու մեծ ցանկություն ունի: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակն արդյունք էր ոչ թե անձամբ իր, այլ Իվանիշվիլիի և նրա ղեկավարած քաղաքական ուժի խարիզմայի:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն ընտրվելու ոչ մի հնարավորություն չուներ, ինչպես որ չուներ Նինո Բուրջանաձեն: Ընտրություններից դեռ շատ առաջ ոչ ոք չէր կասկածում, որ Վրաստանի նախագահ է դառնալու հենց Մարգվելաշվիլին»,- ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ կայացած ընտրություններից հետո Վրաստանը կշարունակի մնալ արևմտամետ երկիր՝ փորձելով լավացնել հարևանների հետ հարաբերությունները: «Միխայիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք այդ երկրի արտաքին քաղաքականությունը որոշվում էր ոչ թե Թբիլիսիում, այլ Վաշինգտոնում: Իսկ այժմ Վրաստանին հնարավորություն է ընձեռվում ինքնուրույն արտաքին քաղաքական կուրս մշակել: Հեռանկարներ են բացվում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան շղթայի մասով, հայ-վրացական հարաբերությունների սերտացման ուղղությամբ»,- ասաց նա: 

Անդրադառնալով Մաքսային միության թեմային՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կասկած հայտնեց, որ Հայաստանը վերջնականապես կանդամակցի Մաքսային միությանը, ավելին՝ քիչ հավանական համարեց, որ այդ կառույցը պատրաստ լինի մոտակա հինգ տարիների ընթացքում: 

«Սա երկար ճանապարհ է և մեծ աշխատանք»,- ամփոփեց քաղաքագետը: