Անվտանգության ի՞նչ նոր երաշխիքներ է խոստանում Մաքսայինը


01:45 , 30 հոկտեմբեր, 2013

Hayeli.am-ը գրում է.

Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Oհանյանը հասկացնել է տվել, որ ինքն էլ Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության ջատագովներից:

Պաշտպանության նախարարի այս դիրքորոշումը, պարզվում է, պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքով: Պաշտպանության նախարարը պարզաբանել է. «Մաքսային միության ջատագով լինելը չի նշանակում, որ պաշտպանության նախարարը այդ քաղաքականության գագաթնակետին է կանգնել: Հաշվի առնելով նաեւ մեր անվտանգային խնդիրները, որն իրականացնում ենք մեր հարեւանների, ռազմավարական գործընկերների, նաեւ այն անվտանգային համակարգի շրջանակներում, որը կոչվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, եւ նաեւ այն, որ մենք մեր տնտեսությունը առաջին հերթին կարող ենք զարգացնել մեր հարեւաններ հետ, ես գտնում եմ, որ մենք ճիշտ քայլեր ենք կատարում: Միգուցե ժողովրդի մոտ տեղեկատվության աստիճանը պիտի մի քիչ բարձրացվի»: Սեյրան Օհանյանը «հարեւանների հետ տնտեսական հարաբերություններ զարգացնել» ասելով՝ նկատի ունի՝ ռազմավարական գործընկերներին:

Իսկ դիտարկմանը, թե երաշխիքներ չկան, որ Ռուսաստանը կապահովի Հայաստանի անվտանգությունը, Օհանյանը հակադարձել է, որ եթե ուսումնասիրենք պայմանագրա-իրավական համակարգը, որն ստորագրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ու ռազմավարական գործընկերոջ հետ, ապա կտեսնենք, որ այդ երաշխիքները կան: «Այդ երաշխիքները հետզհետե զարգանում են, մեր անվտանգության ապահովման գործում նաեւ մենք համագործակցում ենք քաղաքական եւ ռազմական առումով նրանց հետ: Կարծում եմ, որ նաեւ նոր երաշխիքներ կան, որովհետեւ մենք այս տարի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համաձայնագրի պլան մշակեցինք Ռուսաստանի Դաշնության հետ, որը հնարավորություն է տալիս ոչ թե պահպանել, այլ զարգացնել եւ դրանով իսկ հնարավորություն կա, որպեսզի ոչ միայն պաշտպանության նախարարությունները, այլ նաեւ մեր կազմակերպություններն արդեն երկկողմ շրջանակներում ուղղակի կապ ունենան եւ զարգացնեն իրենց համագործակցությունը»,- ասել է պաշտպանության նախարարը: Այնուհետեւ նա հետեւյալ հարցն է հնչեցրել՝ ինչո՞ւ չանդամակցել Մաքսային միությանը, եթե այնտեղ կան պայմաններ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը:

Շատ լավ․․․ Եթե Հայաստանի պաշտպանության նախարարը իր իսկ բերանով արձանագրում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմավարական գործընկերոջը անվտանգության երաշխիքներ էր ապահովում, ապա այդ դեպքում հարց է առաջ գալիս՝ ուրեմն անվտանգության ի՞նչ նոր երաշխիքներ է խոստացել Մաքսային միությունը, որոնք ապահովելու են Հայաստանի անվտանգությունը․․․

Բացի այդ, եկել է ի վերջո կողմնորոշվելու ժամանակը՝ հիմա մենք Մաքսային միություն ենք մտնում՝ առեւտրային հարաբերությունները անդամ երկրների հետ զարգացնելու՞ համար, թե՞ մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար․․․

Բացի այդ, պաշտպանության նախարարը հարց է բարձրացնում՝  ինչո՞ւ չանդամակցել Մաքսային միությանը, եթե այնտեղ կան պայմաններ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը․․․

Ի՞նչ «պայմանների» մասին է խոսքը․․․ Ընդհանրապես Հայաստանի իշխանությունները ուսումնասիրե՞լ են «պայմանները»: Այդ «պայմանները» եւ, մասնավորապես այդ կառույցին անդամակվող երեք պետություններից երկուսի դժգոհությունները հիմք ընդունելով, կարելի է եզրակացնել, որ այդ կառույցն առհասարակ ապագա չունի: Ի՞նչ «պայմանների» մասին է խոսքը․․․

Այդ ո՞ր օրվանից է ՊՆ-ն տիրապետում այդ տվյալներին, համաձայն որոնց, ենթադրվում է, որ տնտեսապես Հայաստանը կզարգանա, եթե անդամակցի Մաքսային միությանը, իսկ կառավարությունը չունի նման տեղեկատվություն․․․

Այդ դեպքում՝ ինչու՞ չի, օրինակ, Տիգրան Սարգսյանը կամ կառավարության որեւէ անդամ հրապարակում տնտեսական առավելությունների մասին զեկույց այն մասին, թե ինչ տնտեսական հրաշք է մեզ սպասում Մաքսային միությանը անդամակցելու հետո․․․

Գուցե չթաքցնեք հասարակությունից, հրապարակեք՝ մենք էլ ծանոթանանք գոնե, այս անտեղյակության մեջ չմնանք․․․

Էդիտա Դավթյան