Վոլոդյա Ավետիսյանը չի ենթարկվել վարչախմբին և վարչախումբը հաշվեհարդար է տեսնում նրա հետ


19:03 , 29 հոկտեմբեր, 2013

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունըԻմ ասուլիսներից մեկի ժամանակ խոստացել էի, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հետապնդումը շարունակվելու դեպքում հրապարակելու եմ վարչախմբի կողմից նրա նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու ապացույցները: 
Քանի որ վարչախումբը չդադարեցրեց հետապնդումը, հրապարակում եմ այդ ապացույցներից մեկը:
Ազատամարտիկների իրավունքների համար Վոլոդյա Ավետիսյանի սկսած պայքարի նախնական շրջանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը Վոլոդյա Ավետիսյանին ասել է, որ ինքը խնդրի մասին զեկուցել է Սերժ Սարգսյանին և նշել, որ Սերժ Սարգսյանը խնդրում է չշարունակել պայքարը: Վոլոդյա Ավետիսյանը պնդել է, որ ինքը շարունակելու է պայքարել: Տեսնելով, որ Վոլոդյան հաստատակամ է, Սեյրան Օհանյանը հորդորել է պայքարը դադարեցնել գոնե մինչև Սերժ Սարգսյանից պատասխան ստանալը: Սակայն Վոլոդյա Ավետիսյանը Սեյրան Օհանյանին խոստում չի տվել և շարունակել է պայքարը` հետզհետե այն ուղղելով դեպի քաղաքական հուն, ինչի մասին է վկայում նրա հայտարարությունը
Ասվածի ապացույցը ս.թ. հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի շենքում լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում տրված Սեյրան Օհանյանի պատասխանն է: Նա բառացի նշում է. «Նաև այս վերջին իրադարձությունների շրջանակում, ես գոնե երկու անգամ հանդիպել եմ նրա հետ և հանդիպման ժամանակ փորձել ուղղություն տալ, թե ինչ կերպ նա կարող է աշխատել և ասել, որ առաջինը պետք է զեկուցվի նախարարությանը, որոնք կարող են իրականացվել։ Նաև նշել եմ, թե որոնք են մեր պետության հնարավորությունները և մինչև ՀՀ նախագահին տեղեկացվելը խախտվել է մեր պայմանավորվածությունը»: 
Փաստորեն` Վոլոդյա Ավետիսյանը չի ենթարկվել վարչախմբին և վարչախումբը հաշվեհարդար է տեսնում նրա հետ ու նրա քաղաքական գործունեությունը կասեցնելու այլ տարբերակ չունենալով` շինծու մեղադրանքներով բանտարկել է նրան: