Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հունաստանի պաշտպանության նախարարին


17:26 , 29 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսին:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ երկու երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային առնչություններով և Հայաստանը մեծապես կարևորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը: 

Արտգործնախարարը հավելել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտին իր պաշտոնական այցելությունը Աթենք և հանդիպումը Դմիտրիս Ավրամոպուլոսի հետ որպես Հունաստանի ԱԳ նախարար ու գոհունակությամբ նշել է, որ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում: 

Հունաստանի պաշտպանության նախարարը ընդգծել է, որ շատ բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները։ Նա ասել է, որ պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հայ և հույն ժողովուրդները միասնաբար պայքարել են օտարերկրյա նվաճողների դեմ։ 

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ քաղաքական և ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ 

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը: