Արդյո՞ք որևէ հետք չեն թողել Վրաստանի այդչափ կտրուկ վերելքը վրացու ապրելակերպի վրա


19:13 , 28 հոկտեմբեր, 2013

Էն, որ վրացուն բնորոշ են (հայից ոչ պակաս) կաշառակերությունը, գողությունը, անկասկած: Միշոն մեծ ջանքեր գործադրելով զսպում էր ազգի այդ հատկանիշները և փորձում էր փոխել, կրթել, եվրոպականացնել վրացիներին: Սակայն նման փոփոխությունը 10-20 տարվա խնդիր չի, այլ սերնդի (սերունդների) փոփոխություն պետք է տեղի ունենա: 
Վրացին հոգնեց օրենքով ապրելուց, ու որ խոսեցնում ես հասարակ վրացուն, անվերջ, սակայն սնոտի, բողոքում է Սահակաշվիլուց՝ Միշո պրեստուպնիկ, կոռումպիռովանի: Երբ խնդրում ես բացատրել նման մեղադրանքները, ոչ մի հիմնավոր փաստարկ կամ պատասխան չես ստանում: Վրացին հոգնեց աշխատելուց (չնայած, երևի չէր էլ սկսել), քանի որ այն համակարգը, որը Սահակաշվիլին էր առաջարկում, հիմնված է պրոֆեսիոնալիզմի և աշխատանքի վրա: Պատահական չէ, որ Սահակաշվիլու իշխանության տարիներին Վրաստանում այդչափ թափ առան միջազգային ներդրումները գրեթե բոլոր ոլորտներում՝ շինարարություն, գյուղատնտեսություն, բիզնես, արտադրություն: Տեղի բնակչությունն էլ պետք է բողոքեր, որ զարգացման նման տեմպերի ֆոնին նրանք ստիպված են բավարարվել ոչ այդքան մեծ նպաստներով ու թոշակներով: Վրացին իր կողքին տեսնելով հաջողակ հնդիկին, թուրքին, հային, ադրբեջանցուն, իշխանություններից սկսեց պահանջել ոսկե սարեր՝ ձրի գազ ու էլեկտրաէներգիա, էժան սնունդ ու բարձր թոշակներ: Այս պարագայում է, որ Իվանիշվիլիի նման արկածախնդիրները կարողանում են ռևանշ վերցնել, սակայն հետո, չիմանալով թե ինչ անել իշխանության հետ (պարզվում է, որ վարչապետը նույնպես պետք է աշխատի), փորձում են խուսափել պատասխանատվությունից (Իվանիշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տալու նախագահական ընտրություններից հետո): Դրանից տուժում է միայն երկիրը, որտեղից արդեն ազդանշաններ կան, որ կաշառակերությունը նորից գլուխ է բարձրացնում, ոստիկանությունն ու պետական մարմիններն արդեն այնքան էլ անկաշառ ու անաչառ չեն և այլն: 
Մնում է սպասել և հետևել, արդյոք որևէ հետք չեն թողել աննախադեպ այդ բարեփոխումները և երկրի այդչափ կտրուկ վերելքը վրացու ապրելակերպի վրա, արդյոք այդպիսի հեշտությամբ նա հետ կգլորվի նողկալի մութ անցյալ:

* «վրացին» հավաքական կերպար է՝ ազգը ընդհանուրի մեջ բնորոշող: Անկասկած, այդ ազգի մեջ կան շատ խելացի և աշխատասեր անհատներ, որոնց շնորհիվ էլ Վրաստանը կարողացավ համարյա դառնալ տարածաշրջանի Եվրոպա: