Արսեն Ջուլֆալակյան. Գիտեմ՝ ինչպես հաղթել Վլասովին, բայց…


14:52 , 28 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց մարզական տարին, խոսեց իր ծրագրերի մասին:

«Բուդապեշտ էի մեկնել ոսկե մեդալի համար, բայց չստացվեց, քանի որ կրկին պարտվեցի Օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովին: Պատրաստվելու եմ մյուս տարի կայանալիք Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

Անպարտելի մարզիկներ չկան: Անպարտելի չէ նաև Վլասովը: Վլասովից կրած վերջին 5 պարտություններից միայն 2 դեպքում էր նա ավելի լավ պատրաստված ինձնից: Մենք գիտենք միմյանց թույլ և ուժեղ կողմերը:

Նրան հաղթելու ցանկությունը մեծ էր, հատկապես օլիմպիական խաղերում պարտությունից հետո: Ցանկանում էի «ջարդել» նրան, կուտակված զայրույթն իմ մեջից հանելու համար: Գիտեմ՝ ինչպես հաղթել Վլասովին, բայց մեկ այլ հարց է՝ կկարողանա՞ս բոլոր ծրագրերդ իրականություն դարձնել գորգի վրա:

5-րդ անգամ եմ մասնակցում Գերմանիայի ակումբային առաջնությանը՝ «KSV Alen-05» թիմի կազմում: Մեկ անգամ դարձել եմ Գերմանիայի չեմպիոն, մեկ անգամ էլ գրավել եմ երկրորդ տեղը: Առաջին գոտեմարտս հաղթել եմ, բայց դեռ 8 գոտեմարտի պայմանագիր ունեմ: Առաջիկա 2 ամիսներին լինելու եմ Գերմանիայում:

Ըմբշամարտի նոր կանոններն ավելի հոգեհարազատ են ինձ: Հենց այս կանոններով եմ դարձել պատանիների Եվրոպայի չեմպիոն»: