ԼՂ վերաբերյալ Լուկաշենկոյի արտահայտած մտքերը պիտի արժանանային արձագանքի. Կարեն Բեքարյան


15:48 , 26 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մաքսային միության անդամ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ Մինսկում հոկտեմբերի 24-ին ստորագրված որոշման նախագիծը, որով Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն, պատահական չէր: Հայաստանի՝ միասնական տնտեսական գոտուն և Մաքսային միությանը միանալու համար Եվրասիական գործընթացում լիիրավ մասնակցության վերաբերյալ որոշումներն ամրագրում են հետևյալը՝ արագ, անգամ ասում են՝ մինչև դեկտեմբեր, պիտի պատրաստ լինի անդամակցության «ճանապարհային քարտեզը»: Այս մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ կա արձանագրություն՝ Եվրասիական միության ստեղծման գործընթացում Հայաստանը կունենա իր պատվիրակը և կմասնակցի պրոցեսներին. սա և ֆորմալ, և պաշտոնական դիրքորոշումն է: 

Բեքարյանի խոսքով՝ հարակից ունենք նորից շատ հետաքրքիր խնդիր. որքանով է այսօր հանրությունը այս պրոցեսների նկատմամբ իր ընկալումներում ադեկվատ: «Պրոցեսները շատ արագ են, խիտ, զուգահեռ, և չեմ կարծում, որ տարվում է լայնամասշտաբ աշխատանք, որ գործընթացները հնարավորինս լայն տրվեն, հանրության շրջանում չլինեն սթրեսային իրավիճակներ, օտարման զգացողություններ և այլն: Մինսկում պաշտոնապես արձանագրվեց, թե էլ ինչ երկրներ կան, որոնք ցանկություն են հայտնել Մաքսային միության և Եվրասիական գործընթացների հետ ուղղակի առնչվելու կամ մաս կազմելու, դրա ցանկը մեզ ինչ-որ բան պիտի հուշեր. այնտեղ կա Թուրքիա, էլ չեմ խոսում Հնդկաստանի մասին, շոշափվում են նաև Վիետնամի, Սիրիայի և Նոր Զելանդիայի անունները»,- ասաց նա: 

Բեքարյանը նշեց, որ ցանկացած կառույցի նոր անդամի հայտ տալու պարագայում կառույցի ներկա անդամները նրա հարցը լուծում են կոնսենսուսի միջոցով, սա մտածելու տեղիք է տալիս: Ինչո՞ւ թեկուզ չհայտարարված, փակ խողովակով չեն ընթանում գործընթացներ Թուրքիայի հետ: Վերլուծաբանի խոսքով՝ այս ամենը տեմպերի մասին շատ բան է հուշում: Բեքարյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Լուկաշենկոյի արտահայտած մտքերը պիտի արժանանային արձագանքի: «Կան դեպքեր, երբ մտածում ես՝ ախր, գոնե ով խոսի...»,- նկատեց նա: 

Բանախոսի փոխանցմամբ՝ ցանկացած պարագայում, եթե մենք օգտագործում ենք նախապայման բառը, պիտի համոզված լինենք, որ պայմաններում դա չկա: Նա չի կարծում, որ համաձայնագրում չլինի կետ՝ առնվազն կողմերի հավասարությանն առնչվող, էլ չասած քսենոֆոբիայի մասին, ուստի չի կարծում, թե նախապայմանի խնդիր կա, այլ հարց է՝ ստանձնած պարտավորությունները որքանով են կատարում անդամ երկրները: 

Նշենք, որ Մինսկում Հայաստանը պարտավորվել է չանել Մաքսային միության շահերին հակասող հայտարարություններ: Այս մասին նշվում է Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հարաբերությունների խորացման մասին հուշագրում, որը Մինսկում ստորագրել է հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, իսկ ավելի ուշ կստորագրի Տիգրան Սարգսյանը: