Փորձագետ. Մաքսային միության հարցում Թուրքիայի հետաքրքրության մասին հայտարարությունը մտածելու տեղիք է տալիս


15:35 , 26 հոկտեմբեր, 2013

Փորձագետ. Մաքսային միության հարցում Թուրքիայի հետաքրքրության մասին հայտարարությունը մտածելու տեղիք է տալիս Panorama.am-ը գրում է.

«Եվրասիական բարձրագույն խորհրդում ընդունված որոշումներն ամրագրում են, որ շատ արագ, մինչև դեկտեմբեր պետք է արդեն պատրաստ լինի Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի լիարժեք անդամակցության ճանապարհային քարտեզը, իսկ կից արձանագրության համաձայն՝ Հայաստանը կմասնակցի եվրասիական ինտեգրման և Եվրասիական միության ստեղծման գործընթացներին»,- այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով նախօրեին Մինսկում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին և ընդունված որոշումներին, նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ վերոնշյալը Մաքսային միությանը Հայաստանի միանալու գործընթացի ֆորմալ, պաշտոնական կողմն է, սակայն փաստացի կա խնդիր, որն առկա է եղել նաև եվրոպական ինտեգրման առումով: Փորձագետի կարծիքով՝ հանրությունը գործընթացները այնքան էլ համարժեք չի ընկալում:

«Պատճառներն այն են, որ գործընթացներն ինքնին շատ արագ են ընթանում, և մյուս կողմից չի տարվում լայնամասշտաբ աշխատանք հանրությանը պարզաբանելու ընտրած ուղու, ինտեգրացիոն գործընթացների մասին, որպեսզի հանրությունը սթրեսային և օտարման զգացողություններ չունենա»,- նշեց փորձագետը:

Նա անդրադարձավ Մինսկում հնչած հայտարարություններին, որ Մաքսային միությանը միանալու հարցում հետաքրքրություն են ցուցաբերել Թուրքիան, Սիրիան և Հնդկաստանը: Կ. Բեքարյանը ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի վրա:

«Ցանկացած կառույցում նոր անդամ ընդունելու հարցը որոշվում է կոնսենսուսով, և նշված երկրների հավակնորդ լինելը այս պարագայում մտածելու տեղիք է տալիս: Բացի այդ որևէ մեկը կարո՞ղ է պնդել, որ փակ խորհրդակցություններ չեն ընթանում Ադրբեջանի հետ: Եթե այո, ապա հիշեցնեմ, որ ցանկացած նոր անդամի ի հայտ գալու պարագայում հարցը լուծվելու է կոնսենսուսով: Սա ասում եմ, որպեսզի պատկերացնելի լինի, եթե ինչում կարող է պայմանավորված լինել գործընթացների արագությունը»,- նշեց Կ. Բեքարյանը:

Պատասխանելով հարցին, թե արդոք Մաքսային միությանը միանալու որոշումից հետո հնարավո՞ր է, որ Եվրամիությունը հետ կանգնի մինչ այդ ընդունած որոշումներից, արդեն ստորագրված համաձայնագրերը վավերացնելուց, բանախոսը նշեց, որ փաստացի առկա է փոխադարձ ընկալելի լինելու խնդիր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ