13:48 , 26 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Միլանի Սֆորցաների ամրոցում վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Լեոնարդո դա Վինչիի հեղինակած որմանկար, հայտնում է Corriere Della Sera-ն:
Որմնանկարը հայտնաբերել են, այսպես կոչված, Sala della Asse սրահում, որի պատերը պատված են եղել փայտերով:
Վերականգնողները հայտնաբերել են մեծ միագույն որմնանկար՝ նկարված փայտի ածուխով: Դրա վրա պատկերված են ծառերի հսկայական արմատներ, որոնք դուրս են գալիս պատերի միջից:
Ըստ նկարչի մտահղացման՝ սրահը պետք է նկարազարդվեր տաղավարի պես` ոլորված ճյուղերով ու զարդարված ոսկե քուղերով: Հնարավոր է` պատերին կարող են պատկերված լինել ծառեր, որոնք շրջապատում են տաղավարը:
Հայտնաբերելով որմնանկարը՝ վերականգնողները հայտարարել են, որ այն ամբողջությամբ վերականգնելու հնարավորություն կա, սակայն դրա համար տևական ժամանակ է հարկավոր:
Դա Վինչին Լոդովիկ Սֆորցայի պատվերով սրահի ձևավորման վրա աշխատել է 1498թ. մի քանի ամիս: Այդտեղ դուքսը ընդունում էր իր կարևոր հյուրերին: Հնարավոր է՝ նկարիչը մենակ չի աշխատել: Հայտնի չէ՝ արդյոք նրա աշխատանքն ավարտվե՞լ է, թե՞ ոչ: