00:18 , 26 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Արգենտինական կլինիկաներից մեկում իսկական սերիալի սցենար է զարգացել: Նույն օրը ծննդաբերած մայրերի պատահական հանդիպումն օգնել է բացահայտել բժիշկների սխալը, երբ ծնվելիս նրանք խառնել են նորածիններին:
Սեպտեմբերի 30-ին Մարիա Մորենա Գերբենան և Վերոնիկա Տեխադին Սան-Խուանի մասնավոր կլինիկայում երկուսն էլ առողջ աղջիկներ են լույս աշխարհ բերել: 37-ամյա Մարիան, ով երկու մեծահասակ երեխաներ էլ ունի, կեսարյան հատման միջոցով է երեխային ունեցել, որից անմիջապես հետո նրան հայտնել են, որ երեխայի քաշը 3 կգ է, իսկ հետագայում երեխային մոր մոտ բերելով՝ նրան ասել են, որ նորածնի քաշը 3,7 կգ է, և որ նա բնական ճանապարհով է լույս աշխարհ եկել, տեղեկացնում է Santa Cruz Sentinel-ը:
Իրավաբան կնոջ ուղեղում այդ ամենն ուղղակի չի տեղավորվել, իսկ հետագայում նրա մայրական բնազդից ծնված կասկածները վստահության են վերածվել այն ժամանակ, երբ ճակատագրի բերումով Մարիան և Վերոնիկան հանդիպել են այն կլինիկայում, որտեղ եկել են բուժզննման:
Կանանց զրույցի ժամանակ ի հայտ է եկել, որ նրանց երեխաների քաշերը ճշգրտորեն համընկնում են, որից հետո Մարիայի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, և դատավորը ԴՆԹ-ի փորձաքննություն է նշանակել, որի արդյունքներն էլ ապացուցել են, որ երեխաներին ծնվելիս փոխել են:
Ծնվելուց երեք շաբաթ անց ծնողները միացել են իրենց իսկական երեխաների հետ, իսկ կլինիկայի ներկայացուցիչը խոստովանել էր, որ երեխաներին սխալմամբ են փոխել:
Երկու տուժած ընտանիքներն էլ այժմ քննարկում են կլինիկայի դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը: 