Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ


19:45 , 25 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հանդիպման սկզբում ՀՀ դեսպանը Նաբիհ Բըրրիին փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: 

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է երկու երկրների խորհրդարանների նախագահների միջև հոկտեմբերի 7-ին Ժնևում Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունը և պատրաստակամությունը շարունակելու զարգացնել և խորացնել երկու բարեկամ երկրների միջխորհրդարանական գործակցությունը: 

Կողմերը ընդգծել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների և գործարար համաժողովների անցկացման կարևորությունը: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: