«Коммерсантъ». Թուրքիան, Սիրիան ու Հնդկաստանը Մաքսային միությունո՞ւմ


18:20 , 25 հոկտեմբեր, 2013

«Коммерсантъ». Թուրքիան, Սիրիան ու Հնդկաստանը Մաքսային միությունո՞ւմPanorama.am-ը գրում է.

Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նստաշրջանի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը առաջարկել է վերացնել Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզԷՍ), իսկ Մաքսային միությունն ընդլայնել՝ ներառելով Սիրիային և Թուրքիային։ ՌԴ նախագահը սատարել է նրան` տեղեկացնելով, որ Հնդկաստանը ևս Մաքսային միության հավանական անդամ է: Ներկայացնելով մանրամասներ նախօրեին տեղի ունեցած նստաշրջանից` «Ինտեգրացիոն գործընթացներ» վերտադությամբ հոդվածում այս մասին գրել է«Коммерсантъ»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։

Ստորև որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք հոդվածը.

«Մինսկում անկախության նոր Պալատը (Բելառուսի նախագահական նստավայրը) նման է Աստանայում, նաև Աշգաբադում նույնանման պալատներին՝ չափերով, ձևերով, հատկապես հավակնություններով։

Ահա այս պալատում Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները մինչ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի աշխատանքների սկիզբը առանձնազրույց են ունեցել մոտ երկու ժամ։ Հայտնվելով նիստերի դահլիճում` Ալեքսանդր Լուկաշենկոն բավական ցինիկ ձևով խոստովանեց, որ Վլադիմիր Պուտինի և Նուրսուլթան Նազարբաևի հետ «անսպասելիորեն քննարկել է ողջ օրակարգը»։

-Ես չեմ ակնարկում, որ այլևս այն պետք չէ քննարկել,-հավելեց նա։ Չնայած դա ոչ թե ակնարկ էր, այլ պնդում:

Հանկարծ պարզվեց, որ կյանքը Մաքսային միությունում այնքան էլ հրաշալի չէ դրա մասնակիցների համար։

-Համատեղ առևտրում թերություններն ու սահմանափակումները ոչ միայն չեն կրճատվել, այլ անգամ ավելացել են։ Կան նաև շատ այլ խնդիրներ։ Սա միջպետական կառույց չէ, այլ համատեղ կառավարման մարմին, որն ամեն օր պետք է որոշումներ կայացնի,- գործընկերներին տեղեկացրեց պարոն Լուկաշենկոն:

Այդ տարբերությունը նա ամեն անգամ հատուկ ընդգծում է՝ ակնհայտորեն զգուշանալով, որ ինչ-որ պահի այն կարող է աստիճանաբար ջնջվել և վաղը ոչ ոք չի հիշի, որ Բելառուսը Եվրասիական տնտեսական միությունում հանդիսանում է անկախ պետություն և ունի նախագահ։

-Լավ է, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը, սակայն մյուս կողմից մեզ համար ոչ օտար Ուկրաինան ձգտում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին։ Պետք է մտածել, որ Ուկրաինան ևս չփակի Մաքսային միությանը մասնակցելու ճանապարհը,-ընդգծեց նա։

Ի դեպ, Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահների «Մեծ եռյակից» առաջինն էր, ով չբացառեց, որ Ուկրաինան կարող է միաժամանակ ասոցացվել ոչ միայն ԵՄ-ին, այլև ՄՄ-ին։ Կամ էլ չմտածեց, թե ինչ է ասում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ