17:37 , 25 հոկտեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին Ավետարանոց գյուղում մասնակցել է Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։ Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր պարտքն է միշտ հիշել մեր մարտիրոսների սխրանքն ու հերոսությունը, անել հնարավորը, որպեսզի իրականացնենք նրանց իղձերն ու ցանկությունները, որոնց թվում ամենանվիրականը ազատ, անկախ պետությունն է և նրա շարունակական զորացումը: Նախագահ Սահակյանի խոսքով` այս հուշահամալիրը պետք է դառնա ուխտատեղի՝ անցյալը հիշելու, մեր հերոսներով հպարտանալու և, այսպիսով, ապագայի հանդեպ լավատեսությամբ ու հույսով լցվելու համար: Այնուհետև երկրի ղեկավարը պետական պարգևներ է հանձնել գյուղի մի խումբ ազատամարտիկների: Միջոցառմանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: