17:12 , 25 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի ֆինանսավորմամբ այս տարի Ֆրանսիայի տարբեր քաղաքներում պրակտիկա կանցնի Հայաստանում Ֆրանսիական համալսարանի չորրորդ կուրսի մոտ 30 հայ ուսանող: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Ֆրանսիական համալսարանում կազմակերպված միջոցառման ժամանակ: Միաժամանակ, անցած տարի այդ թիվը եղել է մոտ 15:
Հատկանշական է, որ Մարսելի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը շարունակվում է արդեն մի քանի տարի: Ուսանողների կեցության ծախսերը հոգում է ֆրանսիական կողմը: Ուսման բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները երկրորդ կիսամյակում՝ մարտ-ապրիլ ամիսներին պրակտիկա են անցնում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ գլխավորապես Մարսելում:
Նշենք, որ Ժան Կլոդ Գոդենի այցի ընթացքում նախատեսված է համաձայնագրի կնքում Էքս-Մարսել և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների միջև: Էքս-Մարսելն ունի 72 հազար ուսանող, որից 10 հազարը՝ օտարերկրացի: