16:08 , 25 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքները, այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նա անդրադարձել է ինչպես կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին, այնպես էլ նախարարության կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքներով այս ոլորտում բացահայտված թերություններին և դրանք շտկելու նպատակով կատարված քայլերին:
Լիանա Հունանյանը տեղեկացրել է, որ խստացվել է հաղթած մասնակցի «Մասնագիտական փորձառություն» չափորոշիչը: Ըստ այդմ՝ սահմանվել է, որ 350 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամ նախահաշվային արժեք ունեցող գնումների դեպքում նախկինում կատարված աշխատանքների ծավալը չպետք է պակաս լինի տվյալ գնման ներկայացրած գնային առաջարկի 30%, իսկ 1 մլրդ դրամից ավելի դեպքում՝ 50% -ից (առնվազն մեկ պայմանագրի շրջանակներում):
Բացի այդ, մեկ այլ փոփոխության համաձայն, այսուհետ պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում մրցույթի հաղթողը պետք է վճարի տուժանք պայմանագրի 2%-ի չափով, բայց ոչ պակաս քան 1 մլն դրամը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի հավաստմամբ` այս փոփոխությունը նվազագույնի կհասցնի միտումնավոր պայմանագրերից հրաժարվելու դեպքերը, ինչն առավելապես զգալի կլինի խոշոր մրցույթների պարագայում:
Նա նաև տեղեկացրել է, որ մայիսից սկսած ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանում է պետական մարմինների կողմից առավել հաճախ ձեռքբերվող 350 ապրանաքատեսակների բնութագրերն ու դրանց առավելագույն գները, ինչը նշանակում է, որ այլևս կբացառվի պետական մարմինների կողմից մանրածախ գնից ավելի բարձր գնով նշված ապրանքները ձեռք բերելու հնարավորությունը:
Կանոնակարգվել է նաև դեղերի գնման ոլորտը: Եթե նախկինում դեղերի տեխնիկական բնութագրերում նշվում էին դրանց ֆիրմային անվանումները, ինչը նշանակում էր սկզբնապես կանխորոշել տվյալ մրցույթի ելքը և կոնկրետ հաղթողին, ապա այսուհետ գնումների հայտարարության մեջ պետք է նշվի դեղի միջազգային hամընդհանուր (ջեներիկ) անվանումը կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, ինչը հնարավոր կդարձնի մրցույթում ներգրավել առավել մեծ թվով մասնակիցներ:
Ներդրվել է գնումների միասնական անվանացանկ (CPV code), ինչը էապես դյուրինացրել և պարզեցրել է վերլուծական և վիճակագրական աշխատանքների իրականացումը, գնումների պլանի պատրաստման գործընթացը ծրագրային ապահովման միջոցով դարձրել առավել պարզ և մատչելի:
Զուգահեռ հունիս-հուլիս ամիսներից սկսած կատարվել է գնման հայտարարությունների և պայմանագրերի ընտրանքային մոնիտորինգ, որն արդեն իսկ դրական արդյունքներ է արձանագրում: Մասնավորապես հունիսի համեմատ էականորեն կրճատվել է նախարարության կողմից մերժված պայմանագրերի քանակը՝ 61 տոկոսից հասնելով 23-ի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ