Քանի՞ հայ կվտարվի Եվրոպայից ռեադմիսիայի պայմանագրի արդյունքում


11:59 , 25 հոկտեմբեր, 2013

1ina.am-ը գրում է.

ԱԺ-ն երեկ քննարկեց 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման` ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:

Այսուհետ որոշակիորեն հեշտանալու է Եվրամիության երկրներում անլեգալ բնավող հայերի վերադարձը Հայաստան. պարզեցվում են որոշ ընթացակարգեր: Ընդ որում` այս դեպքում խնդիրը վերաբերում է նաև ՀՀ անձնագիր չունեցողներին: Այս համաձայնագրով հնարավորություն է տրվում դիմել նույնականացման, եթե ապօրինի միգրանտի մոտ բացակայում է անձը հաստատող փաստաթուղթը:

Գաղտնիք չէ, որ այսօր Եվրոպայում բազմահազար հայեր են ապրում` առանց տվյալ երկրի քաղաքացիություն ունենալու և մեծամասամբ տարիներով սպասում են քաղաքացիության հարցի լուծմանը: Յուրաքանչյուր տարի Եվրոպայում ապաստան է խնդրում, այլ խոսքերով` «հանձնվում» է, 5-6 հազար ՀՀ քաղաքացի: Ընդ որում` բավարարվում է նրանց հայցերի շատ քիչ տոկոսը, որից հետո նրանք դիմում են տարբեր դատական ատյաններ և տարիներով պայքարում: Միևնույն ժամանակ Հայաստանից արտագաղթն աճում է. պաշտոնական տվյալներով` այս տարի Հայաստանից ուղևորափոխադրումների բացասական սալդոն 9 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից երեկ խորհրդարանում «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե Հայաստանը հաշվարկե՞լ է այն ռիսկերը, որ կարող են լինել ռեադմիսիայի համաձայնագրի ստորագրման դեպքում, որքա՞ն մարդու կարող է դա վերաբերել, նաև` թե Հայաստանը պատրա՞ստ է ընդունել նրանց: «Պատրաստի և ոչ պատրաստի խնդիր չկա: Եթե որևիցե մի երկրի տարածքում ապօրինի բնակվող օտարերկրացի կա, ապա միջազգային պրակտիկայի համաձայն` տվյալ երկիրն օր առաջ ձգտում է այդ անձից ազատվել` ուղարկելով իր երկիր: Մեր երկիրը քաղաքացուն չի էլ կարող չընդունել, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի անօտարելի, բացարձակ իրավունք ունի»,- ասաց Եգանյանը` շարունակելով. «Սա Հայաստանի համար նոր գործընթաց չի, Հայաստանը ԵՄ պետություններից գրեթե կեսի հետ արդեն իսկ ստորագրել է ռեադմիսիայի երկկողմանի պայմանագիր: 13 պետությունների հետ ունենք ստորագրած և 10 տարի կիրառում ենք: Արդյոք որևիցե հետևանքներ, Հայաստանի համար ինչ-որ պրոբլեմներ դուք նկատե՞լ եք, մենք չենք նկատել:

Շատերին թվում է, թե սա լինելու է այն խողովակը, որ մեր բազմահազար քաղաքացիները միանգամից էնտեղից գալու են: Դա էդպես չի: Օրինակ` անցյալ տարի մենք ստացել ենք ընդամենը 32 հայց 13 երկրների հետ ունեցած պայմանագրի պայմաններում: Այս պայմանագիրն ավելի շատ տեխնիկական հարցեր է լուծում:

Համաձայնագիրը կա, չկա, գործընթացը տեղի է ունենալու: Այս համաձայնագիրն ընթացակարգերն է սահմանում ընդամենը` ով ում դիմի»:

Միգրացիոն ծառայության պետը օրինակ բերեց վերջերս Ֆրանսիայից արտաքսված ուսանող Խաչիկ Խաչատրյանի դեպքը` նշելով, որ Ֆրանսիայի հետ ռեադմիսիայի պայմանագիր չկա, սակայն երիտասարդին արտաքսեցին:

«Հիշենք նաև անցյալ տարի Անտոնյանների դեպքը, երբ Շվեդիայում 11 տարի մնալուց հետո արտաքսվեցին Հայաստան, քանի որ քաղաքացիության հարցն այդպես էլ չէր լուծվել: Եթե նախկինում հնարավորություն կար տեղափոխվել եվրոպական այլ երկիր և այնտեղ ևս ապաստանի հայց ներկայացնել, հիմա այլևս այդ հնարավորությունը չկա: Գնաց ուրիշ երկիր, էնտեղ էլի անլեգալ ապրելու է: Դրա համար գնալուց առաջ տասը չափեք, մեկ կտրեք: Կասկածելի ինֆորմացիայի հիման վրա ճամպրուկներ մի հավաքեք, առավել ևս մի վաճառեք ձեր ունեցած-չունեցածը»,- խորհուրդ տվեց միգրացիոն ծառայության պետը:

Մյուս կողմից` Հայաստան արտաքսված ապօրինի միգրանտի համար Հայաստանում պետական աջակցություն նախատեսված չէ: Մարդիկ, ովքեր տուն-տեղ վաճառելով հեռացել են Հայաստանից, այստեղ վերադառնալով անգամ ժամանակավոր կացարան չեն ունենա պետության հովանավորությամբ: Փոխարենը այստեղ հետ վերադարձածների ինտեգրման որոշակի ծրագրեր են իրականացնում հենց այդ ԵՄ երկրները:

Ցավալի է նաև, որ ՀՀ քաղաքացիները գերադասում են ապրել եվրոպական ճամբարներում առանց կարգավիճակի, քան վերադառնալ Հայաստան: