Սեռերի իրավահավասարության համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 94-րդ տեղը


08:32 , 25 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) կազմած Սեռերի իրավահավասարության համաշխարհային ընդհանուր վարկանիշում (Gender Gap Index՝ GGI) Հայաստանը զբաղեցնում է 94-րդ տեղը: Անցած տարի մեր երկիրը 92-րդն էր:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ երկրի տնտեսական կյանքին կանանց մասնակցության մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը: Կանանց կենսամակարդակի ու կյանքի տևողության մակարդակով երկիրը զբաղեցնում է վարկանիշի 131-րդ հորիզոնականը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կրթության մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 29-րդ տեղը: Ինչ վերաբերում է քաղաքական կյանքին մասնակցությանը՝ Հայաստանը 115-րդ տեղում է: Այս մասին տեղեկանում ենք Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքից՝ weforum.org:

Վարկանիշը կազմած փորձագետներն ուսումնասիրել են տարբեր երկրներում կանանց ու տղամարդկանց իրավունքները և համեմատել, թե դրանք որքանով են հավասար այս կամ այն ցուցանիշով: Մասնավորապես, քննության է առնված կանանց առողջության մակարդակը և կյանքի տևողությունը, նրանց մասնակցությունը երկրի քա ղաքական ու տնտեսական կյանքին, կրթության մակարդակը:

Ինչպես նշվում է զեկույցում, 2013-ի արդյունքներով՝ վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Իսլանդիան: Նրան հաջորդում են Ֆինլանդիան և Նորվեգիան: 4-րդ տեղում Շվեդիան է: Առաջատարների հնգյակում է Ֆիլիպինները: Ցուցակում ներառված է 136 երկիր:

Ընդհանուր վարկանիշում Վրաստանը զբաղեցնում է 86-րդ, Ադրբեջանը՝ 99-րդ, Թուրքիան՝ 120-րդ, Իրանը՝ 130-րդ տեղը: Նշենք, որ ԱՄՆ-ը վարկանիշում զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը:

Ռուսաստանն անցած տարվա համեմատ Սեռերի իրավահավասարության համաշխարհային վարկանիշում (Gender Gap Index ՝ GGI) զիջել է դիրքերը երկու հորիզոնականով և զբաղեցրել 61-րդ տեղը: