Լարված իրավիճակ՝ օմբուդսմենի գրասենյակում


19:01 , 24 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում բավական լարված վիճակ է ստեղծվել: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը որոշ մարդկանց ազատել է աշխատանքից, և առաջիկայում նոր ազատումներ են լինելու: 

Օմբուդսմենի մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «այս պահին դեռ ամեն ինչ հանգիստ է, բոլորն աշխատում են իրենց տեղերում, իսկ թե մեկ կամ երկու ամիս հետո ինչ կլինի, չի կարող ասել»: 

Մամլո խոսնակը տեղեկացրեց, որ որոշակի լարվածություն կա այն առումով, որ հիմա ԱԺ-ում բյուջեն է քննարկվում, և դեռ հարց է, թե կառավարությունը որքան գումար կհատկացնի օմբուդսմենի գրասենյակին: Նրա փոխանցմամբ՝ դեռ հայտնի չէ նաև, թե կառավարությունը մարզային գրասենյակները պահելու համար գումար կհատկացնի՞, թե՝ ոչ: Չհատկացնելու դեպքում մարզային արագ արձագանքման խմբերը կփակվեն: 
«Հնարավոր է արագ արձագանքման ծառայությունը կրճատվի: Կարծում եմ՝ դրա հետ է կապված մարզային աշխատակիցների խուճապը»,- ասաց Նաիրա Կարմիրշալյանը: 

Նշենք, որ մարզերում արագ արձագանքման գրասենյակներ բացվել էին ԵԱՀԿ աջակցությամբ: Օմբուդսմենի խոսնակի խոսքով՝ ԵԱՀԿ-ի ծրագիրն այս տարի ավարտվում է, իսկ եկող տարվա համար ԵԱՀԿ-ն արդեն գումար չի հատկացնի գրասենյակին: Մաքսային միությա՞ն պատճառով`«Առաջին լրատվական»-ի հարցին պատասխանեց. «Չգիտեմ՝ մաքսային միությունն է պատճառը, թե ինչ, բայց ԵԱՀԿ-ն այլևս գումար չի հատկացնի»: