Սուրիկ Խաչատրյանը ներկայացավ դատարան ու հեռացավ


14:03 , 24 հոկտեմբեր, 2013

Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացավ դատարան, հայտնեց իր անձնագրային տվյալները և հավաստեց, որ Մարտին Զիլֆուղարյանն իր կողմից լիազորվել է որպես իր ներկայացուցիչ: Նա գործում առկա անձնագրի պատճենների համարների տարբերությունը պատճառաբանեց նրանով, որ փոխել է անձնագիրը:      Մարտին Զիլֆուղարյանը միջնորդեց  հայցադիմումում նշված հայցվորի անունը Սուրեն Խաչատրյանի փոխարեն համարել Սուրիկ Խաչատրյան:  

  Պատասխանող Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ  հայցադիմումը դատարանի վարույթ է ընդունվել օրենքով սահմանված պահանջների խախտմամբ՝ դրանում չի նշված հայցվորի հայրանունը, չհաշված այն հանգամանքը, որ հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանին լիազորած անձը՝ Սուրիկ

Խաչատրյանը:Ըստ ներկայացուցչի` վերոհիշյալը բավարար էր հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելու համար:   Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, որոշում ընդունեց  ոչ պատշաճ փաստաթուղթը  պատշաճ փաստաթղթով փոխարինելու մասին:  Անճշտությունների պարզաբանումից հետո Ս.Խաչատրյանը հեռացավ դատարանից՝ վերստին  լիազորելով իր ներկայացուցչին ներկայացնել իր շահերը:   

Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում է 2013թ. հունիսի 12-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերտառությամբ հոդվածում տեղ գտած սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մասին  հատվածները, որոնք, ըստ հայցվոր կողմի, զրպարտություն են: Հայցվորը պահանջում է  իրեն պատճառված վնասի փոխհատուցում՝ 1,5 մլն դրամ չափով: