12:10 , 24 հոկտեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Այս պահին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, տեղի է ունենում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմումի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Սամվել Հարությունյանի առ այն, որ վերջինս լրատվության միջոցով հրապարակայնորեն իր անձը զրպարտող փաստացի տվյալներ է հրատարակել: Նշենք, որ նախորդ դատական նիստը չշարունակվեց, քանի որ Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ գործով հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ ներկայացուցչին լիազորված անձը` Սուրիկ Խաչատրյանը:
Ելնելով այս հանգամանքից` հնարավոր չէր պարզել առանց հայցվորի ներկայության և ահա այսօր դատարան պետք է ներկայանար Սուրեն Խաչատրյանը՝ իր ինքնությունը պարզելու համար: Ինչպես դատարանից հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, Սուրեն Խաչատրյանը չէր ներկայացել դատարան և Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, առ այն, որ դատական նիստը հնարավոր չէ շարունակել առանց Սուրեն Խաչատրյանի:
Հայցվորի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը դատարանից խնդրել է15 րոպե ժամանակ՝ Սուրեն Խաչատրյանի ներկայություն ապահովելու համար: Այս պահին դատական նիստն չի շարունակվում և բոլորը սպասում են Սուրեն Խաչատրյանի ժամանմանը: