08:39 , 24 հոկտեմբեր, 2013
«Դեմքը սպիտակ թաշկինակով ծածկած տղան, որին նախարար Արմեն Երիցյանը հոկտեմբերի 17-ին հանդիպեց Դավթաշենի կամրջին և համոզեց, որ ցած չնետվի, մեկ օրում հայտնի դարձավ՝ Վարդան Ստեփանյան, Հրազդանի բնակիչ, 32 տարեկան։ Ինքնասպանության պատճառը, ինչպես նա նշել էր, մեծ պարտքերն էին, և նախարար Երիցյանը, որ խոստացել էր օգնել Վարդանին, պահեց խոստումը։ Երեկ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը հայտնեց, որ Վարդան Ստեփանյանին օգնել են աշխատանքի տեղավորվել Երևանի սուպերմարկետներից մեկի անվտանգության ծառայությունում՝ 110 հազար դրամ աշխատավարձով։ Արտառոց այս դեպքն արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է նաև Հրազդանում, որի բնակիչները միանգամից չեն ճանաչել իրենց համաքաղաքացուն, իսկ ճանաչելուց հետո մտաբերել են որոշ մանրամասներ նրա անցյալից։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Վարդան Ստեփանյանը նախկինում աշխատել է տեղի ոստիկանությունում, սակայն հեռացվել է աշխատանքից։ Հրազդանցիներին Վարդան Ստեփանյանն ավելի հայտնի է «Բլեֆ» կոչվող հաղորդումից։ Թաքնված տեսախցիկի սկզբունքով նկարահանվող այս հաղորդումը նա պատրաստում էր ոմն Գագիկ Աթասյանի հետ։ Սկզբում զավեշտալի իրավիճակներ էին «սարքվում» հրազդանցիների գլխին։ Օրինակ, փողոցում սրտի կաթված էին նմանակում և նկարահանում, թե ինչպես են իրենց համաքաղաքացիները վազում օգնության։ Հետագայում կատակներն ավելի դաժան դարձան։ ԱԻՎ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ ԱԻՆ աշխատակիցների հետ զրույցներում Վարդան Ստեփանյանը նման տեղեկություններ չի հայտնել։ Ճշտելով «Հրապարակի» տեղեկությունները, նա հայտնեց, որ Ստեփանյանը ոստիկանությունում չի աշխատել, սակայն նման հաղորդման մեջ շատ վաղուց ներգրավված եղել է։ «Մենք պարզել ենք նաև, որ Վարդան Ստեփանյանն իրոք պարտքեր ունի, և նրա տունը գրավի տակ է։
Ամեն դեպքում, թե նախարարի, թե փրկարարների մասնագիտական պարտքը երիտասարդին փրկելն էր, որքան էլ վառ երևակայության տեր լիներ նա, իրավիճակն իրոք շատ վտանգավոր էր»,– ասում է Նիկոլայ Գրիգորյանը։ Մինչդեռ հրազդանցիք համոզված են, որ «ինքնասպանությունն» ընդամենը մտածված հնարք էր, «Բլեֆ» հաղորդման հաջորդ սերիան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։