Հայաստանի գործադիր իշխանության մի մասը Բրյուսելում է, մի մասը՝ Մինսկում


06:56 , 24 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյան, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյան, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյան, Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան կազմով մեկնեց Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ ԵԺԿ-ի գագաթնաժողովին:

 Հիշեցնենք, որ այն առաջինն է ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի մահից հետո:

 Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, գագաթնաժողովի օրակարգում ԵԺԿ նախագահի ընտրության հարց ներառված չէ, քանի որ համաձայն ԵԺԿ կանոնադրության, ԵԺԿ նախագահ ընտրում է համագումարը, որը նախատեսված է անցկացնել 2014 թվականի մարտին, իսկ մինչ այդ ԵԺԿ կուսակցության նախագահի պաշտոնակատար է նշանակվել Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլը:

 «Բացի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ հանդիպումներից, նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ ԵԺԿ և գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչների ձևաչափով»,-Tert.am-ին հայտնեց Արմեն Աշոտյանը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի երեքից հետո Եվրոպական ժողովրդական կուսակցության` ԵԺԿ-ի Քաղաքական վեհաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները, պատասխանելով Մաքսային միությանը միանալու վերաբերյալ եվրոպացի գործընկերների տարաբնույթ մեկնաբանություններին, նշել էին, որ ՀՀԿ փոխնախագահն առաջարկել է «ավելի լավ է ինչ-որ մի բան, քան ոչինչ»բանաձևը` ի հակադրություն «ամեն ինչ քաղաքականության մեջ» բանաձևին: Ընդգծվել էր, որ «ամեն ինչ քաղաքականության մեջ», այն էլ՝ խոշոր քաղաքականության մեջ, բանաձևը չի աշխատում, կենսունակ չէ և կենսունակ չէ նաև մեր տարածաշրջանում:

 Իսկ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարևորել էր այն հանգամանքը, որ Հայաստանի բարեկամները, որոնք շատ լավ հասկանում են Հայաստանի վիճակը`փակ սահմանները, հակամարտությունը, բնականաբար, պետք է շատ լավ գիտակցեն նաև, որ հետխորհրդային տարածքում վատ իրավիճակում գտնվող, փակ սահմաններ ու հակամարտության խնդիր ունեցող պետությունների կենսական շահերը պետք է ոչ միայն հաշվի առնվեն եվրոպացի գործընկերների կողմից, այլև դրանք դիտարկվեն այդ տեսանկյունից և ոչ թե արժանանան էմոցիոնալ գնահատականների:

 Ի պատասխան հարցի, թե այս անգամ ևս նման դիտողությունների դեպքում ելույթներ նախապատրաստվե՞լ են,Արմեն Աշոտյանը նկատեց, որ մեր պատվիրակությունը միշտ էլ ակտիվ է:

 Հիշեցնենք, որ երեկ Քիշնևում Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը հայտարարել էր, որ 

Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցը Եվրոպական Միությունը կքննարկի արդեն Վիլնյուսի համաժողովից հետո և ավելացրել. «Այդ համագործակցությունը, իհարկե, չի լինի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակներում: Համագործակցության այլ ձևերն իհարկե կզարգացնենք»: 

 Ի պատասխան հարցադրման, թե ինչ ձևաչափի մասին է խոսքը, Արմեն Աշոտյանը նշեց. «Հայաստանը և Եվրամիությունը երբեք իրարից հրաժարվել չեն կարող, որովհետև գտնվում են միևնույն քաղաքակրթական, արժեքահամակարգային տարածքում»: 

Ըստ Արմեն Աշոտյանի՝ հարաբերությունների «տվյալ պահի ձևաչափի և ինտենսիվության ընտրությունը երկկողմ որոշման ընտրություն է», և որ Հայաստանը բարձրագույն մակարդակով քանիցս վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ ԵՄ-ի հետ շարունակել համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում և նաև երկար ու արդյունավետ համատեղ աշխատանքի փորձը գնահատելով՝ հստակեցնել գալիք տարիների համար քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդկային շփումներին համապատասխան նոր օրակարգ. «Իհարկե, ընդգծելով, որ ԵՄ-ն Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է, Հայաստանն էլ Հարավային Կովկասում ԵՄ գործընկեր երկիր է բազմաթիվ պատճառներով»:

 Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունների համար ինքնանպատակ է դարձել ԵՄ-ի հետ ինչ-որ բան ստորագրելը, թեկուզ դրանում գրված լինի «Շնորհավոր Ամանոր», Արմեն Աշոտյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել ԵԺԿ անդամ չհանդիսացող կուսակցությունների հայտարարությունները ԵԺԿ գագաթնաժողովի նախաշեմին:

 Նշենք, որ բրյուսելյան այցի շրջանակում նախատեսվում է պայմանագրի ստորագրում էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ