From US, NASA with love


13:51 , 23 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

eMedia.am լրատվական գործակալությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գիտությանը և տեխնիկային վերաբերող նյութերին: Մշտապես ձեռքը պահում մարդկության համար կարևորագույն այդ ոլորտների զարկերակի վրա:

Այդ կերպ մենք նպատակ ունենք մարդ արարածի լավագույն ձեքբերումները դարձնել հասարակության առավել լայն զանգվածների սեփականություն: Շարունակելով սույն գործելաոճը, այդուհանդերձ, պետք է արձանագրենք, որ նման նյութերի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը հեռու է ոգևորող լինելուց:

Հայաստանում գիտության վիճակի, գիտության ֆինանսավորման անբավարարության, գիտական հայտնագործությունների «հնության» կամ իսպառ բացակայության մեջ բոլորը մշտապես մեղադրում են պետությանը: Իհարկե, ոլորտի զարգացման գործում լոկոմոտիվ ու նախաձեռնող պետք է լինի հենց պետական համակարգը, սակայն և հարկավոր է հանրային սեկտորի իրական հետաքրքրվածությունը, որը և կպարտադրի իշխանություններին պատասխանատվություն զգալ ոլորտի հանդեպ:

Սակայն գիտական նյութերի միջոցով մշտապես շփվելով ոչ թե պետության, այլ հասարակության հետ, մենք հասկացանք, որ պատճառները շատ ավելի խորն են: Մի քանի բառով ասած՝ գիտությունն, ընդհանուր առմամբ, չի հետաքրքրում հայ հասարակությանը: Խոսքը չի վերաբերում խիստ գիտական ու սովորական մարդու համար ոչ ընկալելի գործընթացներին, այլ այդ նույն գիտության վերջնական արդյունքին, որը լիովին ընկալելի է ու խիստ կարևոր յուրաքանչյուրիս համար:

«Շուտով կստեղծվի համակարգիչ, որը իր հզորությամբ չի զիջի մարդկային ուղեղին», «Նանոտեխնոլոգիաները թույլ կտան լիովին արմատախիլ անել քաղցկեղը», «Եռաչափ պրինտերը կարողանում է տպագրել մոլեկուլյար մակարդակով», նման և այլ նյութերը հետաքրքրում են միայն հատուկենտ մարդկանց. ընթերցողների ճնշող մեծամասնությունն ուղղակի անցնում է նրանց կողքով: Կարող ենք միայն փաստել, որ հասարակության ուշադրությունից երբեք չեն վրիպի ոսկեգույն iPhone5-ի, վերջին Galaxy-ի հնարավորությունների ու ադամանդակուռ այլ շքեղ հեռախոսների մասին լուրերը...

Գիտության նկատմամբ պետական հոգածության աստիճանի բարձրացումը, գիտնականի մոտ ոգևորվածության ավելացումն առաջին հերթին պետք է տեղի ունենա հասարակության նախաձեռնությամբ: Հասարակական պահանջով է, որ պետությունը պետք է ամեն ինչ անի՝ հայկական գիտական մտքի արգասիքներով նաև Հայաստանի Հանրապետությունը ճանաչելի դարձնելու համար: Առանց հասարակական հետաքրքրության «տարածաշրջանային կենտրոն» լինելու պետական ծրագրերն այդպես էլ կմնան միայն ծրագրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ