Ցանկացած պայքարում կարելի է հաղթել և պարտվել: Արդյունքը հատկապես անկանխատեսելի է, երբ խոսքը գնում է ավելորդ քաշի դեմ պայքարի մասին:
Հետևյալ սխալները ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, երբ նիհարում ես:
Քիչ կալորիականությամբ դիետաներ և սովամահություն
Կալորիաների կտրուկ կրճատումը հանգեցնում է ոչ միայն քաշի նվազեցմանը, այլև առողջական խնդիրների: Բժիշկները բացատրում են, որ քաշի կորուստը միշտ չի, որ նշանակում է ճարպային հյուսվածքների կորուստ: Քաշը ցուցիչ է, որ կազմվում է կմախքի, ներքին օրգանների, մկանների, սննդի, ջրի, ինչպես նաև ճարպի ընդհանուր զանգվածից: Եվ հետո, որոշ ժամանակ հացադուլ անելուց հետո ամենայն հավանականությամբ կվերադառնաս քո նախկին քաշին:
Հյուծող սպորտային մարզումներ
Տանջամահ անող մարզումները դժվար լավ արդյունքի հանգեցնեն: Դրանք կարող են հանգեցնել ջրազրկման և լուրջ վնասվածքների: Ավելի լավ է մարզումներին տրամադրել օրական 30-40 րոպե: Չէ՞ որ ավելորդ քաշի դեմ պայքարի գլխավոր պայմանն ամենօրյա և տանելի ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է:
Ծխել
Չնայած բժիշկների զգուշացումներին, մարդիկ մինչև այսօր չեն կարողանում հրաժարվել այս վնասակար սովորությունից: Նիկոտինն իսկապես ճնշում է ախորժակը, բայց այստեղ դրա ենթադրյալ առավելությունները վերջանում են: Կարող ենք անգամ չթվարկել այն օրգան-համակարգերը, որոնց վրա ծխախոտը մահացու ազդեցություն է թողնում: Արդյո՞ք ցանկանում ես առողջությանդ հաշվին նիհարել:
Նիհարեցնող հաբեր և հրաշագործ դեղամիջոցներ
Մի՞թե հնարավոր է հավատալ, որ դեղատանը վաճառվող հաբերն իսկապես կարող են նիհարեցնել: Այո, դրանք օգնում են, բայց միայն արտադրողներին և նրանց գրպաններին: Հիմնականում նման հաբերն ունեն միզամուղ հատկություններ և պարունակում են կոֆեին: Լավագույն դեպքում ամեն ինչ ավարտվում է ջրազրկմամբ, վատագույն դեպքում` առողջական լուրջ խնդիրներով: