Վրաստանի նախագահն ընտանիքի հետ լքում է Դիգոմիում գտնվող առանձնատունը


00:29 , 23 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանի նախագահը պետք է ազատի Թբիլիսիի Դիգոմի թաղամասում գտնվող տունը, որը նրա համար վարձակալել էր պետությունը: Առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը հայտնել է, որ առանձնատանն արդեն եղել է գույքագրում իրականացնող հանձնաժողովը:

«Այժմ մենք տեղափոխում ենք մեր ունեցվածքը, մեր անձնական իրերը»,- Վրաստանի առաջին տիկնոջ խոսքերը մեջբերում է Trend-ը:

Սանդրա Ռուլոֆսը տխուր է, որ լքում են այն տունը, որտեղ մի քանի տարի ապրել են:

Պետք է նշել, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անձամբ է հավաքել իր իրերը և օգնել տեղավորել ավտոմեքենայում: Նախագահը հայտնել է, որ ընտանիքի հետ տեղափոխվում է Զանդուկելի փողոցում գտնվող բնակարան, որտեղ նախկինում ապրում էր իր տատիկը: