Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ին կոչ է անում սթափվել և ճանաչել Արցախի անկախությունը


17:58 , 22 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանին սթափության կոչ է անում: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ նա նշեց, որ հաջորդ նստաշրջանում խորհրդարանում քննարկման է դրվելու Արցախի ճանաչման իր հեղինակած օրինագիծը: 

«Մենք ունենք երկու պետություն՝ ճանաչված և ոչ ճանաչված: Մեր իրավազորության ներքո է գտնվում Արցախի անկախության ճանաչումը, մինչ որևէ միության մեջ մտնելու որոշում կկայացնենք՝ պիտի ունենանք փաստաթղթեր, որոնք կհաստատեն միությունը երկու պետությունների միջև»,- ասաց նա: 

Փոստանջյանը հիշեցրեց, որ դեռ 2007 թվականից խորհրդարանը «Ժառանգության» օրինագիծը մերժել է, այսօր ժամանակն է, որ բոլորը սթափվեն և հիշեն 1988 թվականը, երբ դեռ խորհրդային կայսրություն էր, սակայն բոլորն առաջնորդվում էին իրենց խղճով, ոչ թե ԽՍՀՄ պատգամով: 

Պատգամավորը հորդորեց մտածել այս խնդրի շուրջ, ձեռնամուխ լինել, որ ԱԺ-ն ճանաչի Արցախի անկախությունը, որից հետո ունենանք այնպիսի փաստաթղթեր, որ դառնանք անխոցելի արտաքին քաղաքական մարտահրավերների հանդեպ: