17:51 , 22 հոկտեմբեր, 20131578 թ.-ին Հռոմի փողոցներից մեկի ընդհատակում մի շարք լաբիրինթոսաձև դամբարաններ հայտնաբերվեցին: Այդ դամբարաններում իրենց վերջին հանգրվանն էին գտել քրիստոնեության վաղ շրջանի մարտիրոսների կմախքները: Այդ մարտիրոսները սրբեր էին համարվում իրենց խիզախության և քրիստոնեական համոզմունքներին անմնացորդ նվիրվելու համար: Այս կմախքների հայտնաբերողները դրանց անվանել են «կատակոմբների սրբեր»: Դրանցից շատերը հետագայում բաժանվեցին Եվրոպայի տարբեր երկրներում (հիմնականում Գերմանիայում) այն բազմաթիվ սուրբ մասունքների դիմաց, որոնք ավիրվել, գողացվել կամ ջախջախվել են Բողոքական Ռեֆորմացիայի ընթացքում:
Տարբեր երկրներ հասցնելուց հետո յուրաքանչյուր կմախքի զգեստավորել են թանկարժեք հագուստներով և զարդարել զանազան թանկագին զարդերով, թագերով, զենքով և անգամ կեղծամ են հագցրել կմախքին: Կմախքները ցուցադրության են դրվել եկեղեցիներում իբրև հիշեցում այցելուներին այն մասին, որ նրանց հարստություն է սպասում մահից հետո, եթե նրանք ուխտել են հավատարիմ մնալ քրիստոնեական կրոնին:

Սա ասես հեքիաթ լինի Դեն Բրաունի վեպերից, այնպես չէ՞: Այնուհանդերձ, այս ամենը հավաստի տեղեկատվություն է:
Տարված լինելով այս հայտնագործությամբ և «Կատակոմբի սրբերի» մասին պատմությամբ` արվեստի և պատմության մասնագետ (և ինչպես ինքն է խոստովանել «մասունքների որսորդ») Փոլ Քոդոնարիսը ճանապարհորդել է ողջ Եվրոպայով` փորձելով պարզել և գրի առնել յուրաքանչյուր Սրբի կարգավիճակը: Կմախքներից շատերը դեռ նոր պետք է ցուցադրության հանվեին: Դրանք պահված էին հատուկ արկղերի մեջ` «սպասելով» հասարակությանը ներկայացվելու իրենց հերթին:
«Աստվածային մարմինները. պաշտամունքային գանձերը և տպավորիչ սրբերը կատակոմբներից» վերնագրով իր գրքում Փոլն արծարծում է այս սրբերի ուշագրավ ծագումն ու պատմությունը: Այնտեղ կատարվում են հետևյալ հարցադրումները. «Ովքե՞ր էին նրանք: Ի՞նչ կերպ են նրանք մահացել: Ո՞վ է կարգադրել նրանց տեղադրել կատակոմբներում և ինչու՞ են նրանք մոռացության մատնվել Եվրոպայի կրոնական հաստատություններում այդքան երկար ժամանակ»: Այս հեղինակի աշխատությունը ծառայում է իբրև համոզիչ և համապարփակ փաստաթուղթ մոռացված դարաշրջանի մոռացված մասունքների մասին: Ստորև ներկայացված են մի քանի նկարներ այս գրքից: