Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ


17:40 , 22 հոկտեմբեր, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզAravot.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք ձեռնարկություններ, որից հետո Չարենցավան քաղաքում ներկա է գտնվել «Չարենցյան շաբաթ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին: Աշխատանքային այցը Սերժ Սարգսյանն սկսել է Եղվարդ քաղաքի «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունից: Հանրապետության Նախագահն այստեղ շրջայց է կատարել ընկերության հիմնած գործարանի արտադրամասերում, ծանոթացել իրականացված ներդրումներին և դրա արդյունքում ընդլայնված արտադրական հնարավորություններին, ընկերության զարգացման ծրագրերին, զրուցել աշխատակիցների հետ: Նախագահին ներկայացրել են, որ «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունն արտադրությունը զարգացնելու նպատակով ձեռք է բերել իտալական արտադրության հոսքագիծ՝ 3 հազ. շիշ/ժամ արտադրական հզորությամբ, տեղադրել է սառնարանային ժամանակակից տնտեսություն, արդիականացման ուղղությամբ իրականացրել մի շարք այլ աշխատանքներ: Ծրագրով իրականացվող ներդրումները, պատասխանատուների հավաստմամբ, կազմում է շուրջ 19 մլն եվրո: Ներկայումս ընկերությունն արտադրում է 3, 5, 7 և 15 տարեկան կոնյակներ: Արտադրանքի հիմնական մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, եվրոպական երկրներ, վերջին շրջանում՝ նաև Ղազախստան: Ընկերությունում աշխատում է 80 մարդ՝ մոտ 180.0 հազ. դրամ ամսական միջին աշխատավարձով: «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված նշվել է, որ նախատեսվում է կառուցել 8-10 հազ. տոննա մթերման հզորությամբ խաղողի ընդունման, վերամշակման և համապատասխան հզորությամբ թորման արտադրամասեր, ինչպես նաև ավելացնել սպիրտների հնեցման համար նախատեսվող պահման տնտեսության հզորությունը՝ այն հասցնելով 5 մլն լիտրի: Գինիների արտադրությանը զարկ տալու նպատակով նախատեսվում է կառուցել համապատասխան սարքավորումներով պահման արտադրամաս 1500 տոննա խաղողի համար, ինչպես նաև տեղադրել գինու շշալցման հոսքագիծ: Վերոնշյալ բոլոր սարքավորումները նախատեսվում է ներկրել Իտալիայից: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, զարգացման ծրագրերի արդյունքում, որի համար կպահանջվի շուրջ 12 մլն դոլարի ներդրում, կստեղծվի լրացուցիչ շուրջ 30 նոր աշխատատեղ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ