Վարդան Պետրոսյանը հիվանդասենյակ կտեղափոխվի. Տուժողներից մեկին կվիրահատեն


16:02 , 22 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է, հավանական է, որ նա վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ, սակայն հայտնի չէ, թե երբ դուրս կգրվի: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Էրեբունի» բ/կ վերակենդանացման բաժանմունքից:

«Լյարդի պատռվածքը շատ լուրջ բան է, սակայն հետևանքների մասին դեռ վաղ է խոսել»,-ասաց բաժանմունքի վարիչը:

«Արմենիա» բ/կ-ից տեղեկացանք, որ վթարի մասնակիցներից 1965 թ. ծնված Ա. Հ.-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ 1994 թ. ծնված Տաթևիկի վիճակը շարունակում է ծանր մնալ.

«1994թ.-ի ծնված Տաթևիկի վիճակը ծանր է ու նրան շուտով կվիրահատենք»,- ասաց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչը:

Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 22.22-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար: Ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել էին «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսագրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: 

Նշենք, որ ՀՀ քրօրենսգրքի 242 հոդվածի 3-րդ կետը վերաբերվում է Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: