14:06 , 22 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այսօր ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է հայտնի դերասան Երվանդ Ենգիբարյանը:
Այս տարի «Արտավազդ» մրցանակաբախությանը դերասանը ստացավ մրցանակ՝ «Լավագույն տղամարդ դերակատարի համար», իսկ «Լավագույն կին դերակատար» ստացավ Լուիզա Ղամբարյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լուիզա Ղամբարյանը նշեց, որ խնդրում է Երվանդ Ենգիբարյանի մասին գրել ներկա ժամանակով:
«Առաջինը, ինչ հիշեցի, այն է, որ այս տարի ամիսներ առաջ միասին նույն բեմում նույն մրցանակներն ենք ստացել: Շատ պոզիտիվ, շատ լուսավոր անհատականություն է»,- ասաց դերասանուհին:
Նա նշեց, որ վստահ է՝ Երվանդը չի մահացել, ուղղակի մեզնից շատ հեռու է գնացել: «Կյանքով լեցուն, տաղանդավոր մարդ: Սրանք այն բառերը չեն, որ ասվում են հիմա, սրանք այն բառերն են, որ ասվել են նրա՝ ցավոք, կարճ ստեղծագործական կյանքի օրոք, և ամիսներ առաջ այդ մրցանակը ստանալը դրա վառ արտահայտությունն է»,- հավելեց դերասանուհին:
Լուիզա Ղամբարյանն ափսոսանքով նկատեց, որ չհասցրին միասին խաղալ և միայն կյանքում էին ընկերներ:
«Ամեն անգամ իրար տեսնելով՝ շտապում էինք ասել, թե մենք երբ ենք իրար հետ խաղալու, թե պատկերացնում ես՝ ինչ կանենք... Եվ մենք նույնիսկ ունեինք այդպիսի մի ցանկություն, մեծ գործ էինք որոշել անել»,- ասաց Լուիզա Ղամբարյանը: