Ծանր է պաշտոնյաների որդիների գործը


13:42 , 22 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին կալանավորված է, և նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար: Այս տեղեկությունը, որ հայտնվել էր մամուլում, հաստատել է նաև ոստիկանությունը: Մի քանի ամիս առաջ ոստիկանությունը հաստատել էր նաև մամուլում հայտնված մեկ այլ տեղեկություն՝ կրկին թմրանյութերի հետ կապված, որում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդու անունն էր:

Հայաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների որդիների շրջանում թմրանյութերի գործը կարծես թե բավական պոպուլյար է: Համենայն դեպս, կարճ ժամանակամիջոցում երկու հայտնի դեպքը փոքր երկրի համար երևի թե չափից շատ չէ, բայց քիչ էլ չէ: Ըստ որում, մեղմ ասած, դժվար է պատկերացնել, որ այլ նախկին կամ ներկա պաշտոնյաների որդիների շարքերը լավ թափ տալու դեպքում չեն լինի նորանոր բացահայտումներ նույն թեմայով: Ամենայն հավանականությամբ, որդիները չեն դիմանում այն ծանր պատասխանատվությանը, որ առաջանում է հայրերի հեղինակության և հանրաճանաչության արդյունքում. նրանք պարտավոր են լինել պարկեշտ, չվնասել հայրերի հասարակական վարկին և այլն: Այդքան զգոն ապրելը ուղղակի դաժանություն է, և գուցե ցրվելու կամ թեթևանալու կարիք է լինում թմրանյութերի միջոցով: Իսկ եթե լուրջ, ապա այն, որ Հայաստանում նման շրջանակներում գտնվող անձանց որդիները, մեղմ ասած, սուրբ չեն, բազում անգամներ ենք համոզվել: Պարզապես նրանցից ոմանք բացահայտվում են, ոմանք մնում են չբացահայտված, նույնիսկ հատուկ պահպանության տակ: 

Թե ինչով են պայմանավորված բացահայտումները, ինչ դրդապատճառներով, կամ չբացահայտումներն ինչով են պայմանավորված՝ տարբեր կարծիքներ կլինեն: Շատերը համոզված կլինեն, որ քաղաքական կոնյունկտուրա կա, անձնական հարաբերություններ, կամ ընդամենը ժամանակի խնդիր են բացահայտումները, կամ ոստիկանության պրոֆեսիոնալիզմի և այլն: Փաստը միայն այն է, որ Հայաստանի նախկին կամ ներկա պաշտոնյաների որդիների այսպես ասած ապօրինությունները Հայաստանի համար լուրջ խնդիր են, ըստ որում՝ ոչ միայն թմրանյութերի գործով: Իհարկե, տվյալ դեպքերում դատարանի վճիռներ չկան, և անմեղության կանխավարկածի խախտում կլինի որևէ միանշանակ պնդում ապօրինության մասին, սակայն բոլորս ենք համոզված, որ այս սեգմենտում՝ պաշտոնեական զարմ, օրենքը, մեղմ ասած, թույլ օղակ է: Եվ անկախ բացահայտումների քանակից կամ բնույթից, անկախ մոտիվներից՝ փոքր հասարակության պայմաններում իրականում ամեն ինչ դե ֆակտո բացահայտվում է շատ արագ: Իսկ դա Հայաստանում տարածված հասարակական հիասթափության և հուսալքության հիմնարար պատճառներից մեկն է, երբ տեսնում են, թե ինչքան հաջողակ բիզնեսմեններ են նախկին կամ ներկա նախագահների հարազատները, նախարարների հարազատները, պատգամավորների հարազատները, թե ինչպես են նրանք ցոփ ու շվայտ կյանքով ապրում, ինչպես չեն ծառայում բանակում՝ թեև գրանցվում են տարբեր զորամասերում, ինչպես են վայելում կյանքի հաճույքները՝ չկրելով որևէ սոցիալական պատասխանատվություն: Եվ երբ այս ամենից հետո հասարակությանը մատուցվում է նրանց նախկին կամ ներկա պաշտոնյա հայրերի PR-ը, հանրության անդամները այդ ամենը տեսնելուց հետո վերջնականապես համոզվում են, որ երկիրը վաղուց հայտնվել է կեղծավոր ցինիզմի ստամոքսում և հիմա դրան հաջորդող ճանապարհի վրա է: Պարզապես շատերը մնում են և փորձում կանգնեցնել երկրի այդ ընթացքը՝ գոնե թույլ չտալով ստամոքսին հաջորդող ճանապարհն անցնել մինչև վերջ, իսկ շատ ավելի շատերը ընդամենը իրենց ճանապարհն են ընտրում՝ դեպի դուրս: