13:05 , 22 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հոկտեմբերի 10-15-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Լեհաստանում մասնակցեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարին, որում մեր թիմի մրցակիցներն էին Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի հավաքականները: Հայաստանի պատանեկան ընտրանին տարավ մեկ հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի արդյունքով և կրեց մեկ պարտություն՝ խմբում զբաղեցնելով երրորդ տեղը: Մրցաշարի հետ կապված մանրամասների մասին ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը զրուցել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ:
- Պարոն Խաշմանյան, քանի որ մրցաշարին հետևելու հնարավորություն Հայաստանում չի եղել, խոսենք հանդիպումների մասին առանձին-առանձին: Սկսենք Ռումինիայի հավաքականի հետ խաղից:
-Ասեմ, որ Ռումինիայի հավաքականը դեռ մրցաշարից առաջ համարվում էր ֆավորիտ, քանի որ ուներ ներքին առաջնությունում խաղացող շատ ուժեղ ֆուտբոլիստներ և լեգեոներներ, ովքեր հանդես են գալիս իտալական թիմերում՝ «Յուվենթուսում», «Ռոմայում» և այլն: Մենք խաղն սկսեցինք մի փոքր զգույշ, քանի որ մրցակցին չէինք ճանաչում և պետք է կողմնորոշվեինք խաղի ընթացքում: Խաղի սկզբում ստանդարտից, ընդ որում` անդրադարձից, գոլ ընդունեցինք սեփական դարպասը: Դրանից հետո մենք սկսեցինք վերահսկել գնդակը, իսկ ռումինացիներն էլ անակնկալի էին եկել, որ մեր թիմը կարող է այդքան վստահ ու ագրեսիվ ֆուտբոլ խաղալ: Առաջին խաղակեսի վերջում մեր ֆուտբոլիստները հիանալի կոմբինացիա խաղարկեցին: Բակալյանը կենտրոնից գնդակն ուղարկեց եզր, Գիզգիզյանը ոտքի դրսի մասով այն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Արտյոմ Սիմոնյանը մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասը: Երկրորդ կեսում մենք նորից առավելություն ունեինք, խաղում էինք կարճ փոխանցումների մարտավարությամբ, որովհետև այդպիսի թիմերի դեմ այլ կերպ խաղալ ուղղակի հնարավոր չէ: Բայց ամենակարևորը, որ մենք չէինք զիջում նաև ուժային պայքարում: Երկրորդ խաղակեսում ունեինք ռեալ գոլային պահեր: Հարմար դիրքերից վրիպեցին Վարդան Բակալյանն ու Արտյոմ Սիմոնյանը: Լավ պահեր ունեին նաև ռումինացիները: Կարծում եմ՝ ոչ-ոքին տրամաբանական արդյունք էր: Շատ կարևոր էր չպարտվել առաջին խաղում:
-Ի՞նչ կասեք Լեհաստանի հավաքականի հետ հանդիպման մասին:
-Լեհերի դեմ խաղում առաջին խաղակեսում շատ մեծ ճնշում կար մեր թիմի դարպասին, բայց ես զգուշացրել էի, որ պետք է դիմանալ առաջին 15-20 րոպեն: Լեհերն ակտիվ պրեսինգ էին կիրառում և երբեմն էլ դիմում ոչ այնքան մաքուր քայլերի: Ցավոք, ինչպես հաճախ լինում է այսպիսի դեպքերում, մրցավարների համակրանքը նույնպես տանտերերի կողմն էր: Եվ պատահական չէր, որ մենք հենց առաջին խաղակեսում ստացանք երեք դեղին քարտ, ընդ որում` զգուշացվեցին հենց այն ֆուտբոլիստները, ովքեր զգուշացվել էին առաջին հանդիպման ժամանակ: Մրցավարներն այդ կերպ փորձում էին օգնել տանտերերին, բայց ինչպես ցույց տվեց մրցաշարի հետագա ընթացքը, ավելի շատ օգնեցին լիտվացիներին: Այդուհանդերձ, մենք կարողացանք դիմակայել առաջին խաղակեսում, իսկ երկրորդն արդեն ամբողջությամբ անցավ մեր առավելությամբ: 75-րդ րոպեին Սարգիս Շահինյանի գերազանց փոխանցումից հետո Վարդան Բակալյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ:
-Ի՞նչը չհերիքեց լիտվացիների դեմ մրցավեճում:
- Շատ կարևոր էր, որ խաղացողները երկու հաջող խաղերից հետո էյֆորիայի մեջ չընկնեին, հատկապես որ ինտերնետի մերօրյա հասանելիության պայմաններում նրանք կարող էին պարզապես «վառվել» հայկական մամուլում իրենց մասին հնչող գովեստի խոսքերից: Լեհաստանում էլ բոլորը սպասում էին, որ մենք կհաղթենք լիտվացիներին և կվաստակենք 7 միավոր: Ամենաշատ զգուշացողը երևի ես էի, քանի որ գիտեմ՝ ինչ բան է ֆուտբոլը և մարզական բախտ կոչվածը: Բացի այդ, Սարգիս Շահինյանը, Արմեն Մանուչարյանը և Ռոբերտ Դարբինյանը, ովքեր պետք է բաց թողնեին հանդիպումը, մեր առանցքային խաղացողներն էին: Ստիպված եղանք ենթահարձակվողի դիրքից հետ իջեցնել Արտյոմ Սիմոնյանին, անվանական հարձակվող Արամ Մուրադյանը խաղաց ենթահարձակվողի դիրքում, իսկ երբեք այդ դիրքում չխաղացած Կարեն Հարությունյանը հանդես եկավ կենտրոնական պաշտպանի դերում: Այս ֆուտբոլիստները վատ չխաղացին, բայց, այդուհանդերձ, բացակա խաղացողների պակասն զգացնել տվեց: Շահինյանը թիմի ավագն էր և գրոհների հիմնական կազմակերպիչը, Մանուչարյանը, թերևս, մեր միակ ֆուտբոլիստը, ով կարողանում էր հաջողությամբ պայքարել երկրորդ հարկում: Բաղումյանը վատ չփոխարինեց Ռոբերտ Դարբինյանին, բայց, ի տարբերություն նրա, չէր կարողանում նույն արդյունավետությամբ մասնակցել գրոհներին: Մեր թիմն անսովոր դասավորությամբ մի փոքր անզգույշ գործեց առաջին 10 րոպեներին և գնդակ բաց թողեց: Դրանից հետո ունեցանք բազմաթիվ պահեր: 2 անգամ Նարեկ Ասլանյանը, մեկական անգամ` Կարեն Հարությունյանը և Վարդան Բակալյանն ունեցան 100 տոկոսանոց պահեր, բայց մարզական բախտը, իրոք, երես էր թեքել մեզնից: Ես այս ամենն ուղղակի չեմ ասում: Բոլոր տեսագրությունները կան, և մարդիկ կարող են համոզվել իմ խոսքերի իրավացիության մեջ:
-Ամփոփելով` կարո՞ղ ենք ասել, որ Լիտվայի հավաքականից կրած պարտության պատճառը հենց այդ երեք առանցքային խաղացողների բացակայությունն էր:
- Դժվար է ասել, որ մենք հաստատ կհաղթեինք, եթե լինեին այդ խաղացողները, բայց այն, որ նրանց բացակայությունը մեծ կորուստ էր մեզ համար, ուղղակի անժխտելի է: Բացի այդ, նորից եմ կրկնում, մարզական բախտը այդ օրն ուղղակի երես էր թեքել մեզնից: Ֆուտբոլային մարդիկ գիտեն, որ լինում են այդպիսի օրեր, և երևի դա պարզապես մեր օրը չէր: Այդուհանդերձ, տղաները դաշտում ցուցադրեցին այն, ինչ կարող էին: Խաղից հետո ես մտա հանդերձարան, բոլորը նստած էին՝ գլուխները կախ, բայց ես իրենց բոլորին շնորհակալություն հայտնեցի ողջ ուժերը ներդնելու համար:
- Ընդհանուր առմամբ, որպես մարզիչ, գո՞հ եք թիմի ելույթներից:
- Հավաքականը 3 շատ կայուն խաղ անցկացրեց, ինչն ինձ ուրախացրեց՝ հատկապես հաշվի առնելով, որ այս հավաքականի հետ ես քիչ ժամանակ եմ ունեցել աշխատելու: Բայց միշտ շատ պահանջկոտ եմ, և ինձ համար շատ կարևոր է վերջնական արդյունքը: Ինձ չի բավարարում միայն այն, որ լավ ենք խաղացել: Մենք, իրոք, արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն, և սրանք պարզապես խոսքեր չեն: Այդուհանդերձ, եթե վերանանք վերջնական արդյունքից, պետք է ասել, որ ամեն ինչ, ընդհանուր առմամբ, դրական էր: Նախ` մենք գրեթե բոլորին գերազանցեցինք խաղով, կարճ ժամանակում կարողացանք ստեղծել շատ միասնական, կազմակերպված թիմ: Մրցաշարին հետևող բոլոր մասնագետները և ֆուտբոլային գործակալները նշում էին, որ Հայաստանի հավաքականն արժանի էր հաջորդ փուլ դուրս գալուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ