09:22 , 22 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ-ն վերսկսել է ռազմական օգնություն ցուցաբերել Պակիստանին. այն դադարեցվել էր 2011-2012 թվականներին: Տեղեկությունը հաստատել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հարֆը հստակեցրել է, որ Իսլամաբադին օգնելու Օբամայի վարչակազմի մտադրության մասին Կոնգրեսը ծանուցվել է անցած ամռանը: «Ամռան ընթացքում մենք ծանուցել ենք Կոնգրեսին այն մասին, որ կվերսկսենք օգնություն ցուցաբերել այն մասով, որը բաժին է ընկնում անվտանգության ոլորտին»,- հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցրել հատկացումները Պակիստանին քաղաքացիական աջակցության գծով: Հարֆի փոխանցմամբ՝ այժմ խոսքը մոտ 1.6 մլրդ դոլար ընդհանուր գումարով ծրագրերի իրականացման մասին է:
Հարֆի խոսքով՝ իրենք ուրախ են երկկողմ հարաբերությունների բարելավման առնչությամբ: Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը ներկայում այցով գտնվում է ԱՄՆ-ում: Չորեքշաբթի Սպիտակ տանը նրան կընդունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: