Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին


21:37 , 21 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ոստիկանության պետն ուրախությամբ փաստել է, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ու ՀՀ ոստիկանության համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, այդ համագործակցությամբ արդեն արձանագրվել են որոշակի լուրջ արդյունքներ, և առաջավոր փորձի փոխանակման արդյունքում՝ ձեռքբերումներն առավել ակնհայտ կդառնան: 

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ Հայաստանի ոստիկանությունը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը դիտում է որպես ոչ միայն տարածաշրջանային, այլև անդրազգային հանցավորության չափազանց վտանգավոր տեսակ, որի մարտահրավերներին հարկավոր է հակազդել համատեղ ուժերով, և, ընդ որում, կանխարգելիչ պայքար ծավալել հասարակության լայն շերտերում՝ ամենատարբեր ձևաչափերով: Այս համատեքստում ոստիկանության պետը կարևորել է ոստիկանության ծառայողների մշտական այցերը հանրապետության ավագ դպրոցներ:

Հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը և ոստիկանության համակարգում կատարվող վերափոխումները, որոնք ուղղված են ստորաբաժանումների արդիականացմանն ու հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Յուրի Ֆեդոտովը գոհունակություն է հայտնել երկու կառույցների համագործակցության արդի մակարդակի առնչությամբ` նշելով, որ փոխգործակցությունը կբարձրացնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: