Վարդան Պետրոսյանը դեռ մի քանի օր կմնա վերակենդանացման բաժանմունքում


15:48 , 21 հոկտեմբեր, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Երեկ երեկոյան վթարի ենթարկված սիրված դերասան Վ.Պետրոսյանի վիճակն առայժմ բժիշկները գնահատում են կայուն ծանր: 

Այդուհանդերձ, ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասրակայանության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը,  վիրահատությունից հետո դերասանը  գիտակցության է եկել, արհեստական շնչառական ապարատն արդեն անջատվել է, նա ինքնուրույն շնչում է: Շուշան Հունանյանը հայտնեց, որ Վ.Պետրոսյանին վերակենդանացման բաժանմունքում ևս մի քանի օր պահելու անհրաժեշտությունը բխում է բժիշկների ինտենսիվ հսկողության պահանջից, քանի որ  «նա բավակլան բարդ վիրահատություն է տարել»,- ասաց Շուշան Հունանյանը:

Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում է գտնվում նաև վթարի ենթարկված մյուս ավտոմեքենայի ուղևորներից մեկը, ով նույնպես ծանր վիճակում է: Նա ստացել է գլխուղեղային վնասվածք, ողնաշարի կոտրվածք:

Հիշեցնենք, Վ.Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան, երեկ երեկոյան, ժամը 22.10-ի սահմաններում Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էր նույն ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային: Ավտոմեքենայի վարորդը և 6 ուղևորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ուևորներից մեկը` 16-ամյա Էդգար Հակոբյանը, հիվանդանոցում մահացել է: