Բացասական տեղեկատվությունը ազդում է մարդու հոգեբանության վրա


13:02 , 21 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոգեբան Սամվել Խուդոյանի մեկնաբանությամբ՝ բացասական լուրերը հետաքրքրում են ընթերցողին, և սա է պատճառը, որ համացանցում գերակշռում է բացասական տեղեկատվությունը: Նրա հավաստմամբ՝ եթե ինչ-որ մեկը կարդա, որ ինքնասպանություն է եղել, հազիվ թե ինքն էլ գնա և ինքնասպանություն գործի, սակայն բացասական տեղեկատվությունը ազդում է մարդու հոգեբանության վրա:

Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ մարդկանց մեջ ագրեսիա է առաջանում՝ նայելով բռնության տեսարաններ: Նա խոսեց նաև մանկական ֆիլմերի մասին՝ ասելով, որ դրանք ևս երեխայի մոտ ագրեսիա են ծնում. «Երեխան նայում է դրանք, սակայն գիշերները վեր է թռչում, որովհետև դրանցում բացակայում է բարությունը»:

Ասուլիսի մյուս բանախոս՝ տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանն էլ ասաց, որ մարդու ներաշխարհի վրա անպայման ազդում են սպանված մարդիկ, դիակները, դժբախտ պատահարները, սակայն ավելի վատ է, երբ մարդիկ դառնում են աղանդավոր. «Վթարի տեսարաններն ազդում են մարդու վրա, կարող է առաջանալ խղճահարություն կամ օգնության ձեռք մեկնելու ցանկություն, սակայն ավելի վատ է, երբ մարդիկ աղանդավոր են դառնում: Նրանք կորցնում են իրենց հոգու ներդաշնակությունը»:

Քահանայի խոսքով՝ այսօր շատ ընտանիքներում ծեսեր կատարելը, խաչ հանելը ծիծաղելի են, մնացել է կոմունիստական շրջանից սերմանված անաստվածությունը, դրա համար էլ հնարավոր է այդպիսի մարդկանց շեղել Հայ առաքելական եկեղեցուց. «Մի քանի հոգի՝ աղանդապետերը, փող են լվանում, իսկ մնացածը նոխազի սկզբունքով սպասում են, թե երբ կացինը կիջնի իրենց վզին»:

Նրա հավաստմամբ՝ բոլոր աղանդավորական կառույցները միտված են մի գաղափարի՝ քայքայել պետությունը, հակառակ դեպքում Եհովայի վկան չէր քարոզի բանակ չգնալ: Դրա փոխարեն Աստվածաշունչն ասում է՝ քո դեմ սուր վերցնողը սրից էլ թող ընկնի: