Ազգային պատկանելիությունը որոշել կարող են Պետությունը և տվյալ անհատը


17:51 , 19 հոկտեմբեր, 2013

Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ տեր Միաքայել եպիսկոպոս Աջապանյանի կողմից երեկ հնչել էր հայտարարություն, որը մեծ իրարանցում էր առաջացրել սոցցանցերում և բլոգոլորտում: Եպիսկոպոսը հայտարարել էր, որ ոչ քրիստոնյա հայը՝ հայ չէ: Ի՞նչ խոսք, անսպասելի էր նման կտրուկ ձևակերպում լսել նման բարձրաստիճան ու հարգված հոգևորականի կողմից ու հույս կա, որ նա միանգամայն այլ բան է ուզեցել ասած լինել և գործ ունենք ուղղակի թյուրիմացության ու թերըմբռնման հետ, որովհետև անուրանալի փաստ է, որ նման հայատարարությունը ոչ միայն աղերս չունի ռացիոնալության հետ, այլև ուղղակիորեն անտրամաբանական է:

Նախ, ի՞նչ ասել է հայ կամ ցանկացած ազգի ներկայացուցիչ լինելը և ի՞նչքանով է այս կամ այն ազգության պատկանալեիությունը որոշվում կրոնական պատկանելիությունով: Առաջին հերթին, էթնիկական պատկանալիությունը դա զուտ անատոմիական-պատմական-մշակութային-հոգեբանական առանձնահատկությունների ամբողջություն է, որոնք միախառնվելով անհատի մեջ, որոշում են նրա ինքնանույնականացումը այս կամ այն ազգի պատկանելիության հարցում: Ի՞նչ խոսք, քրիստոնեությունն առհասարակ և Հայ առաքելական եկեղեցին՝ մասնավորապես, մեծապես ներծծվել են մեր ազգային ինքնագիտակցության մեջ և անուրանալի է դրանց դերը մեր ազգային ինքնության պահպանման հարցում:

Մյուս կողմից, պետք չէ մոռանալ, որ հայ ժողովրդի պատմությունն ավելի հին է քան քրիստոնեությունը և ոչ հայ ժողովուրդն է միշտ քրիստոնյա եղել, ոչ էլ բոլոր հայերն են քրիստոնյա: Մինչև 301 թվական մենք հեթանոսությանն էինք հարում, 301 թվականից հետո բազմահազար հայեր հարել են այլ կրոնական ճյուղերի ու հոսանքների, կամ էլ օրինակ խորհրդային հասարակակարգի տարիներին, բնակչության զգալի մասը եղել է աթեիստ: Պետք չէ մոռանալ նաև, որ քրիստոնյա ասվածը դա զուտ վերացական հասկացողություն չէ, իսկ այսօր մենք ապրում ենք այնպիսի իրականությունում, երբ բազմաթիվ մարդիկ դե յուրե հանդիսանալով քրիստոնյա, դե ֆակտո ոչ մի աղերս չունեն քրիստոնեության սկզբունքների հետ և հաճախ իրենք էլ չեն հասկանում դա:

Այսքանով հանդերձ, մեր հոգևորական դասը պետք է հասկանա, որ նման հայտարարությունները ոչ միայն պառակտում են առաջացնում և վնասում եկեղեցու ու քրիստոնեության հեղինակությանը, այլև ուղղակիորեն հակասում են Սահմանադրությանը, որը հստակ տարանջատում է մտցնում Եկեղեցու ու Պետության միջև:

Ազգային պատկանելիությունը որոշելու իրավական գործառույթը պետությանն է, իսկ ինքնանույնականացման իրավունքը՝ տվյալ անհատինը: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ անգամ Վազգեն Վեհափառը, ով տասնյակ տարիներ կաթողիկոսում էր աթեիզմի դրոշների տակ հանդես եկող Սովետական Հայաստանում և որի բնակչության զգալի մասը աթեիստ էր ու անհավատ, նման կտրուկ հայտարարություններ իրենց թույլ չէր տալիս և վստահությամբ կարելի է պնդել, որ դա խոսում էր նրա հեռատեսության, կոռեկտության զգացողության, ինչպես նաև Եկեղեցու իրական խնդիրներն ու առաջնահերթությունները հասկանալու մասին: