Հայաստանում ՄԻԱՎ վարակի 2 տոկոսը գրանցվում է երեխաների մոտ


15:18 , 19 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988-ից, երբ գրանցվել է ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ, նույն տարում գրանցվել է նաև ՁԻԱՀ-ի առաջին դեպքը:

1889 թվականին Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ից մահվան առաջին դեպքը: 2001-ին գրանցվել է ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին դեպքը: 1988 թվականից մինչև 2011-ի հոկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1127 դեպք, որից 148-ը` 2010-ի ընթացքում:

Վիճակագրությունը փաստում է, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր թվում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 797 մարդ կամ 70,7 տոկոս, իգական սեռի ներկայացուցիչների մոտ` 330 դեպք կամ 29,3 տոկոս: ՄԻԱՎ վարակի 22 դեպք կամ 2 տոկոս արձանագրվել է երեխաների մոտ:

Հայաստանում արձանագրված փոխանցման ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը:

Այս ուղիներից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 258 դեպք, մահացածների թվում 43 կին և 5 երեխա:

Նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ապրում է 33,4 մլն ՄԻԱՎ վարակակիր։ Տարեկան աշխարհում ՁԻԱՀ-ից մահանում է շուրջ 3 մլն մարդ։