14:30 , 19 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իր տերերի լոնդոնյան տնից փախած կատուն հայտնաբերվել է Շոտլանդիայում՝ տնից 725 կմ հեռավորության վրա, հայտնում է Metro թերթը:
Իննամյա Պաբլոն անհետացել էր 2012թ. հոկտեմբերին: Մեկ տարի անց նրան հայտնաբերել են շոտլանդական Ֆայֆ մարզում: Պաբլոն մտել էր բանկ ու հարմար տեղավորվել բազկաթոռներից մեկի վրա:
Բանկի աշխատակիցները կատվին փոխանցել էին անասնաբույժներին, որոնք նրա վրա հայտնաբերել էին կատվի տերերի հասցեով միկրոչիպ:
Ինչպես պատմել է կատվի տիրուհին՝ Շիվոն Քեմփբելը, ինքը մտածել է, թե Պաբլոն պարզապես իրենցից հեռացել է ապրելու այլ մարդկանց մոտ, ու շատ է ուրախացել նրա վերադարձի համար:
«Ես անհամբերությամբ եմ սպասում նրա հետ հանդիպմանը: Ցանկանում եմ տեսնել նրա մռութը, երբ նա կտեսնի մեզ ու կհասկանա, որ հայտնվել է տանը»,- հավելել է նա:
Ենթադրաբար, կատուն Շոտլանդիա է հասել բարձրանալով բեռնատարը կամ ֆուրգոնը: