Կանադայում օրինական է ճանաչվել էֆթանազիայի արգելքը


12:03 , 19 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կանադայի վերաքննիչ դատարանը վճռել է, որ բժիշկներն իրավունք չունեն անջատել գլխուղեղի լուրջ վնասվածքներով հիվանդների կենսապահովման համակարգը առանց հիվանդի ընտանիքի համաձայնության: Այս մասին հայտնում է BBC-ն:

Դատավարության առիթը Հասան Ռասուլիի հետ կապված դեպքն է, ով 2010 թվականից կոմայի մեջ է գտնվում գլխուղեղի անհաջող վիրահատությունից հետո:

Բժիշկները կարծում են, որ ապաքինման հույս այլևս չկա, սակայն նրա կինը չի համաձայնել արհեստական շնչառության սարքն անջատել: Կինը հղում է արել կրոնական համոզմունքներին: Ամուսինները շիա մուսուլմաններ են: Տիկնոջ խոսքով՝ իր ամուսնու շարժումները վկայում են, որ նա գիտակից է:

Բժիշկները դիմել են վերաքննիչ դատարան, սակայն դատարանը եկել է այն եզրակացության, որ կենսապահովման համակարգի կիրառումը բուժման մի ձև է, և դրանից հրաժարվելը չի կարող լինել միակողմանի: