11:51 , 19 հոկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Տարբեր մարզերում հողօգտագործողներն այս փուլում հրաժարվում են կառավարության տրամադրած սերմացուից, որը հատկացվում է աշնանացանի համար: Հատկապես գյուղացիների «աչքը վախեցրել» է ցորենի սերմացուն, որը, ինչպես հայտնի է, սպասված բերքատվությունը չի ապահովել, իսկ ֆերմերները դատարանի առաջ են կանգնել:
Մեր ունեցած տեղեկություններով, մասնավորապես, գյուղացիները հրաժարվում են Ռուսաստանից ներկրված ցորենի «էլիտար» սերմացուից: Անգամ տեղեկություններ կան, որ գյուղատնտեսության նախարարությունից գյուղացիներին ասել են, թե բերքահավաքից հետո սերմացուն վերադարձնելու են ոչ թե մեկ կիլոգրամի դիմաց երկու կիլոգրամ, ինչպես նախկինում էր, այլ մեկ կլիոգրամի դիմաց հենց մեկ կիլոգրամ:
Նախարարության մասնագետները նաև գյուղերում ասել են, թե այս սերմացուն ներկրված է ՌԴ Կրասնոդարի երկրամասից և հարմար է Հայաստանի կլիմայական պայմանների հաար: Սակայն գյուղացիների մի մասը չեն ցանկանում օգտվել կառավարության ծրագրից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած գյուղացիներն էլ չէին ցանել կառավարության կողմից որպես օժանդակություն հատկացված սերմացուն: Գյուղացիները Lragier.am-ին ասել էին, որ չեն վստահում կառավարությանը, սերմացուն վերցրել են, սակայն ցանել են իրենցը:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարությունը դատի է տվել այն ֆերմերներին, որոնք կառավարության ծրագրի համաձայն՝ ստացել են ցորենի «էլիտար» սերմացու, 2011 թվականին ցանել են, սակայն չեն կարողացել կառավարությանը 1 կգ սերմի դիմաց 2 կգ հետ վերադարձնել: Նաև չեն կարողացել գումարը վերադարձնել, քանի որ սպասված բերք չեն ստացել:
Գյուղացիները մեղադրում են գյուղատնտեսության նախարարությանը՝ նշելով, որ սերմացուն անորակ է եղել, Հայաստանում փորձարկում չի անցել: Նախարարության մասնագետներն էլ պնդում են, որ միայն բնակլիմայական պայմաններ են վատ բերքատվության պատճառը: