22:35 , 18 հոկտեմբեր, 2013
Ուկրաինայի Վիննիցա քաղաքում հոկտեմբերի 16-ից 20-ը տեղի է ունենում Ուկրաինայի երիտասարդների առաջնություն հրաձգության օդամղիչ ձևերից, որին մասնակցում են 1993թ.-ին ծնված և ավելի փոքր հրաձիգները: Միջազգային մրցաշարին մասնակցում է 5 պետության 300-ից ավելի մարզիկ:
Վերջինիս մասնակցում է նաև հայ հրաձիգների 6 հոգանոց թիմը՝ ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ:
Հայ հրաձիգներն երեկ բոլորն էլ անցել էին նախընտրական փուլը և այսօր՝ հոկտեմբերի 18-ին շռնդալից հաջողություններ գրանցեցին Ուկրաինայի առաջնությանը:
Օդամղիչ հրացան, 10մ վարժությունում Հրաչ Բաբայանը (ՄԿՍՎ) 599 միավորով դարձել է չեմպիոն և սահմանել Ուկրաինայի ռեկորդ, այն ռեկորդային արդյունք է նաև Հայաստանի համար: Հրաչ Բաբայանն այս արդյունքով լուրջ հայտ ներկայացրեց փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությունից երիտասարդենրի օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակելու համար: Նրա անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: Նույն վարժության արծաթե մեդալակիր է դարձել Սուրեն Բերյանը (ՍՎ)՝ խոցելով 591 միավոր: Նրա անձնական մարզիչն է Համլետ Նիկողոսյանը (ՎՄ): Օդամղիչ հրացան վարժությանը մասնակցում էր 62 հրաձիգ, որոնցից հիմնական փուլ էին անցել լավագույնս հանդես եկած 30-ը:
Վազող թիրախ նորմալ վազք, 10մ վարժության աղջիների պայքարում հաղթող է ճանաչվել Լիլիթ Մկրտչյանը (ՍՎ): Նա 360 միավորով գրավել է 1-ին տեղը՝ ետևում թողնելով 9 մրցակից: Նույն վարժության տղաների պայքարին մասնակցում էր 23 մարզիկ, որոնցից Արթուր Պետրոսյանը (ՍՎ) 546 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Նրանց անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը:
Օդամղիչ ատրճանակ, 10մ վարժությանը մասնակցել է 60 մարզիկ, որոնցից Զավեն Իգիթյանը (I կարգ) 565 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նրա անձնական մարզիչն է Խորեն Իգիթյանը:
Մեր մարզիկներն ավարտեցին մրցելույթները՝ բացառությամբ Սուսաննա Հովհաննիսյանի (ՍՎ): Նա վաղը մրցելույթները կսկսի հրացան ձևում: Հայաստանը ներկայացնող մարզիկները «Հրաձգության հանրապետական» և «Երևանի հրաձգության մանկապատանեկան» մարզադպրոցների սաներ են: Հայաստանի հրաձգության հավաքականը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 21-ին ժամը
Շնորհավորում ենք բոլորիս և հրավիրում միասին դիմավորելու մեր չեմպիոններին:
ՀՀՖ մամլո քարտուղար Լ. Ավետիսյանը





