Նալբանդյանը ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ինջիղուլյանի հարցը


19:46 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կարմիր Խաչի Միաջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Շնորհավորելով Սարա Էպրեխտին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան նոր պաշտոնում:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի մարդասիրական գործունեությունը և Հայաստանի հետ համագործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ԿԽՄԿ գործունեության բարձր գնահատականի համար Սարա Էպրեխտին վստահեցրել է, որ կազմակերպությունը շարունակելու է իր չեզոք մարդասիրական գործունեությունը։

Արտգործնախարարի խոսքերով դրվատանքի է արժանի կազմակերպության Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող մարդասիրական օժանդակությունը, մասնավորապես՝ անհետ կորածների որոնման և ռազմագերիների վերադարձի հարցերում։ Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը հատուկ նշել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի ազատ արձակմանն ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը:

Արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել Հայաաստանի ակտիվ փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ: