Երևանում կկայանա «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը


17:23 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Երևանում կբացեն «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ խորհրդաժողովը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում: Ներկա կլինեն պետական պաշտոնյաներ, միջազգային և անկախ փորձագետներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել ռասիզմը և քսենոֆոբիան քաղաքական դիսկուրսում, ռասայական և էթնիկ խտրականության դեմ պայքարում մարդու իրավունքների ինստիտուտների դերը, ինչպես նաև ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ատելության խոսքի և ռասայական կարծրատիպերի դեմ պայքարին վերաբերող հարցեր: