Մոսկվայում ուրբաթ օրերին կպայքարեն անօրինական ներգաղթյալների դեմ


17:10 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գում է.

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի ոստիկանությունն ամեն ուրբաթ կանցկացնի անօրինական ներգաղթի դեմ պայքարի գործողություն: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս մասին հայտարարել է մայրաքաղաքի ոստիկանության ղեկավար Անատոլի Յակունինը:

Նա նշել է, որ միջոցառումը կստանա «Ազդանշան» անվանումը: Յակունինի խոսքերով՝ այս ստուգման ընթացքում քաղաքի փողոցներ դուրս կգան սովորականից ավելի շատ ոստիկաններ, կստուգվեն բնակարաններ, որտեղ կարող են ապրել ներգաղթյալները:

Նա նաև ընդգծել է, որ մինչև տարեվերջ քաղաքի տարածքում պետք է բացահայտվեն այն բոլոր բնակարանները, որոնք անօրինական կերպով վարձով են տրվում:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր հերթին հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Մոսկվայում շուրջ 130 հազար բնակարան անօրինական վարձով է տրված:

Իշխանությունները ակտիվացրել են պայքարն ընդդեմ անօրինական ներգաղթյալների այն բանից հետո, երբ մոսկովյան Բիրյուլևո շրջանում սպանվել է Իգոր Շչերբակովը, ինչը այս շրջանում հանգեցրել է զանգվածային անկարգությունների: