Ամերիկացի գիտնականները Վաշինգտոնին նախազգուշացրել են նոր միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ


15:58 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Մտահոգված գիտնականների միություն» ՀԿ-ն կոչ է արել Վաշինգտոնին՝ հրաժարվել նոր տեսակի միջուկային զենքի ստեղծման պլաններից:

Կազմակերպության զեկույցում ասվում է, որ զենքի նոր տեսակների ստեղծումը, նույնիսկ եթե խոսքն արդեն գոյություն ունեցող սարքերի բաղադրիչների կիրառման մասին է, շատերի կողմից կդիտարկվի որպես նոր միջուկային մարտագլխիկներ չմշակելու վերաբերյալ վարչակազմի խոստման խախտում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:

«Անվտանգության ոլորտում խելամիտ որոշումների ընդունում. ԱՄՆ միջուկային զենքի համալիրի ապագան» զեկույցում գիտնականները հայտնել են, որ Էներգետիկայի նախարարությանը կից Միջուկային անվտանգության ազգային վարչությունն առաջիկա 25-30 տարում պատրաստվում է փոխարինել Վաշինգտոնի ունեցած 7 տեսակի միջուկային սպառազինությունը նոր 5-ով:

Այդ առնչությամբ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը մտադիր է միջուկային ռազմական համալիրի մի քանի նոր օբյեկտներ կառուցել, ինչպես նաև մեծացնել տրիտի պարունակության ծավալն ատոմային մարտագլխիկներում՝ դրանց հուսալիության բարձրացման համար՝ դրանք դարձնելու հազվադեպ տեխնիկական սպասարկում պահանջող:

Գիտնականների կարծիքով՝ վարչությունը պետք է նախապատվություն տա առկա տեսակների թարմացմանը կամ կրկնակի պատրաստմանը:

Զեկույցի հեղինակները նշել են, որ ԱՄՆ իշխանությունների նման գործողությունները կարող են մտահոգություն առաջացնել զենքի հուսալիության վերաբերյալ:

Գիտնականները կարծում են, որ ամերիկյան կառավարությունը պետք է հրաժարվի նաև Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում պլուտոնիումի միջուկային զենքի արտադրության նոր օբյեկտի կառուցումից և հետաձգի Օք Ռիջում ուրանի մշակման ձեռնարկության ստեղծման պլանները: Առաջին նախագծի մոտավոր արժեքը կազմում է 6 միլիարդ դոլար, երկրորդինը՝ 7 միլիարդ դոլար: